Քրիստոնեական խոնարհության ու եղբայրասիրության մեր դիրքերից ելնելով՝ շատերս լռում էինք, խոհեմաբար սպասելով երկու եկեղեցիների հոգևոր առաջնորդների հանդիպումներին և Գուբուրդոյի հայտնի դեպքերին առնչվող բարձր մակարդակի քննարկումներին: Բայց., ոմն վրաց քահանա, չգիտես ինչ իշխանությամբ, իրեն առիթ է վերապահում համայն վիրահայ համայնքի հոգևոր առաջնորդիս հասցեին այսպիսի անպատասխանատու մեղադրանքներ հնչեցնել՝ նրան համարելով Վրաստանի թշնամի: Հարցին բացարձակ անտեղյակ այս անձը, փորձում է Վրաց եկեղեցու հավատացյալների մեջ ատելություն սերմանել ողջ վիրահայ համայնքի հանդեպ՝ հոգևոր առաջնորդին մեղադրելով թշնամանք սերմանելու մեջ, այն դեպքում, երբ Սրբազանն իր ողջ հոգևոր գործունեության ընթացքում այսքան տարիներ միմիայն քարոզել է երկու եկեղեցիների սերն ու բարեկամությունը՝ ի դեմս երկու քրիստոնյա ժողովուրդների:
Սա մենք չէ, որ պետք է ապացուցենք, այլ այս մասին այսքան տարիներ տեղյակ են Վրաստանի պետական և հոգևոր բոլոր շրջանակները, Սրբազանի գործունեությունն է վկայում այս մասին: Գումբուրդո հայաբնակ գյուղի հավատավոր ժողովրդի պարզագույն ու նվիրական մղումն իրենց նախնիների հիշատակը հարգելու համար այսօր դարձել է բոլորի քննարման թեման: Ժողովրդի պարզ խնդրանքին ու պահանջին, ինչպես յուրաքանչյուր հոգևոր առաջնորդ, այնպես էլ Վազգեն Սրբազանը, պետք է ականջալուր լիներ և փորձեր համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ հարցին պատշաճ ու նպատակահարմար լուծում պահանջելու Վրաստանի պետական և հոգևոր իշխանություններից, ինչը և արել է Վազգեն Սրբազանը:
Այժմ, որպես Հայ Առաքելական Եկեղեցու քահանա և վիրահայ համայնքի հավատավոր մեկ մասնիկը, հարց եմ ուղղում տվյալ անձին, ով Քրիստոսի խաչը պարանոցին՝ կոչված է սեր և խաղաղություն քարոզել իր ժողովրդին: Ինչո՞ւ է վրաց հավատացյալների մեջ թշնամանք սերմանում Հայ Եկեղեցու և իր առաջնորդի հանդեպ, Գումբուրդո գյուղի պարզ հավատացյալների հանդեպ, Վիրահայոց թեմում ծառայող բոլոր հոգևորականներիս հանդեպ: Ավետարանական փարիսեցիությունից է խոսում, բայց տարրական սեր ու հարգանք չունի Հիսուս Քրիստոսին դարեր շարունակ պաշտող ու Հիսուսի խաչի տանջանքներին հետևող իրեն եղբայրակից ժողովրդի հանդեպ: Գումբորդոյում ապրող հավատավոր տատիկների, ծերերի ու մանուկների պարզ ու անկեղծ սրտից բխող աղոթքի մրմունջով եմ դատապարտում այսպիսի անհանդուրժող ու ատելությամբ լեցուն կեղծ քրիստոնեությունը: Վստահ ենք, որ Վրաց եկեղեցին կդատապարտի իր ու իր ժողովրդի անունից զրպարտող այս անպատասխանատու անձին՝ թշնամանք ու ատելություն սերմանելու համար:
Ինչպես կասեին մեր պապերը՝ սելը ճռռալու, սելվորն է ճռռում: