Այսօր Ախալցխայի Նախընտրական Մեդիա Կենտրոնում անցկացվեց բանավեճ շրջանի քաղաքապետի թեկնածուների միջեւ: Բանավեճին ներկա էին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից առաջադրված քաղաքապետի թեկնածու՝ Վաժա Չիտաշվիլին եւ «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալցխայի քաղաքապետի թեկնածու՝ Իրակլի Բարձեմաձեն:
Մեդիա Կենտրոնի կողմից պատրաստած նախընտրական հանդիպման թեմաների շարքում էին կուսակցությունների նախընտրական ցուցակում ազգային փոքրամասնությունների ներգրաված լինելը, ենթակառուցվածքների եւ ջրամատակարարման հետ կապված հարցեր:
Երկու թեկնածուներն էլ ջրամատակարարման եւ ենթակառուցվածքային թեմաների շուրջ խոսեցին օրինակ բերելով նախկին իշխանության կողմից կատարած աշխատանքներով եւ ավելացրին, որ իրենց ընտրվելու դեպքում պատրաստ են լուծել ջրամատակարարման շուրջ շրջանում առկա բոլոր խնդիրները:
Ազգային փոքրամասնությունների ներգրաված լինելը իրենց կուսակցական ցուցակներում հաստատեցին երկու թեկնածուները: Սակայն նույն ժամանակ ստիպված եղան խոստովանել, որ իրենց ցուցակներում չունեն մաժորիտար պատգամավորի թեկնածուներ: Նրանք նաեւ չկոնկրետացրին թե քանի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ թեկնածու կա նրանց ցուցակներում:
Նույն ժամանակ բանավեճին ներկա թեկնածուների կարծիքով այսօրվա քաղաքական կյանքում շրջանի հայերը քիչ են ներգրաված:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վաժա Չիտաշվիլու խոսքերով սխալ է այն միտքը երբ ասվում է թե իբր հայերի շրջանում չկան լեզուն գիտեցող պատրաստված մարդիկ տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավելու համար: Նրա խոսքերով ինքը անձամբ է ճանաչում բազմաթիվ հայերի, որոնք կարմիր դիպլոմով ավարտել են վրացական համալսարան եւ փայլուն տիրապետում են վրաց լեզվին: «Չեմ ասի, որ այսօրվա ինքնակառավարման մարմիններում հայերի նվազ ներգրաված լինելը դա խտրականության արդյունք է, սակայն այդ ամենի մեջ նման բաներ զգացվում են»,-ասաց Վաժա Չիտաշվիլին:
«Միացյալ Ազգային Շարժում» կուսակցության թեկնածու Իրակլի Բարձեմաձեյի խոսքերով ինքը մեծացել է Ախալցխա քաղաքի հայ-վրացական միջավայրում եւ այս շրջանը բոլորին է: Նրա խոսքերով բոլորն էլ Վրաստանի քաղաքացիներ են եւ դա է կարեւորը ու ըստ այդմ բոլորն էլ պետք է հավասարաչափ ներգրաված լինեն առանց խտրականության: «Վրաստանն է Վրաստանի քաղաքացիների հայրենիքը եւ Հայաստանը, Ռուսաստանը կամ Ադրբեջանը դրանք մեր հարեւաններն են: Տարբերություն չունի քաղաքացին հայ է, ռուս թե ադրբեջանցի նրանք բոլորն էլ հավասար պետք է ներգրաված լինեն երկրի քաղաքական կյանքում»,- ասում է Իրակլի Բարձեմաձեն:
Ի՞նչ կարծիք ունեն մնացած Ախալցխայի քաղաքապետի թեկնածուները եւ ինչքան են ներգրաված ազգային փոքրամասնությունները նրանց նախընտրական ցուցակներում հնարավոր չեղավ լսել նրանցից, քանզի նրանք ներկա չգտնվեցին USAID-ի Նախընտրական Մեդիա Կենտրոնի կողմից կազմակերպված բանավեճին:
http://akhaltskha.net/2017/10/10/հանդիպում-քաղաքապետի-թեկնածուների-հ/