Պետք է սովորենք ասել շնորհակալություն

Պետք է սովորենք ասել շնորհակալություն

Վրաստանում հոկտեմբերին ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկիրը փոխել է մոտեցումը քաղաքացիության հարցում։

Նոր սահմանադրությունն առավել ազատական մոտեցում է որդեգրել Վրաստանի քաղաքացիության հարցում: Փոփոխված սահմանադրության համաձայն, Վրաստանի քաղաքացիները չեն զրկվելու երկրի քաղաքացիությունից ստանալով այլ երկրի քաղաքացիություն։ Այս խնդիրը առավել ակտուալ էր Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ապրող հայերի համար, ովքեր Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքների մեկնելու համար ձեռք էին բերել Հայաստանի քաղաքացիություն եւ ավտոմատ կերպով զրկվել Վրաստանի քաղաքացիությունից։ Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ վերջին տարիների ընթացքում շուրջ 30 հազար Վրաստանի քաղաքացիներ ստացել էին այլ երկրների քաղաքացիություն, սակայն այդ փաստի մասին տվյալ քաղաքացիները երկրի իշխանություններին չէին տեղյակ պահել: Հետեւաբար, նրանցից շատերը զրկվել էին Վրաստանի քաղաքացիությունից, ինչը մեծ վնաս է հասցրել երկրին ու ջավախքահայ ընտանիքներին։

Այս խնդիրը Վրաստանի իշխանությունների մոտ բարձրաձայնել են տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ, հասարակական կազմակերպություններ եւ ՀՀ-ի պետական պաշտոնյաներ։ Տվյալ հարցով Վրաստանին շատ դրական խորհրդատվություններ է տվել նաեւ Եվրամիությունը ասոցացման համաձայնագիրը կնքելիս։ Դրանից սկսած Վրաստանի մաքսատներում փոխվել է մոտեցումը երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիների նկատմամբ։ Ու այդ բոլորը միասին արդյունավետ ազդեցություն ունեցավ Վրաստանի նոր սահմանադրության վրա, որի մեջ Վրաստանի քաղաքացիներին այլեւս չի արգելվի ձեռք բերել այլ երկրների քաղաքացիություն։ Ակնհայտ է, որ փոխված սահմանադրությունը հիմնականում հաշվի է առել Սամցխե-Ջավախքի քաղաքացիների պահանջները, ինչը զգալի առաջընթաց է շրջանում առկա խնդիրների լուծման տեսանկյունից։

Շատ կարեւոր է, որ այս փաստը ճիշտ ու դրական արձագանք գտնի Սամցխե-Ջավախքի հայ հասարակության շրջանում եւ մեր ժողովուրդը սովորի պահանջներ առաջադրելուց զատ նաեւ երախտագիտության խոսք ասել երկրի իշխանություններին, երբ տվյալ պահանջները իրականություն են դառնում։ Պետք է դրական երեւույթներին դրական, իսկ բացասականներին բացասական գնահատական հնչեցնել, որպեսզի երկիրը ճիշտ զարգանա ու հաշվի առնի իր քաղաքացիների կարծիքները։

 

Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ