Ենս Ստոլտենբերգ. Պատերազմն ավելի կարևոր է դարձնում գործընկերությունը, մենք կհանդիպենք Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարների հետ՝ ամրապնդելու աջակցությունը

Ենս Ստոլտենբերգ. Պատերազմն ավելի կարևոր է դարձնում գործընկերությունը, մենք կհանդիպենք Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարների հետ՝ ամրապնդելու աջակցությունը

Եթե ​​մեր գործընկերներն ապահով լինեն, մենք ավելի ապահով կլինենք,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բուխարեստում ՆԱՏՕ-ի նախարարական նիստի շրջանակներում տեղի ունեցած միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ։
Ենս Ստոլտենբերգը խոսել է նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմի մասին և ասել, որ դաշինքը չպետք է թույլ տա Ռուսաստանին հաջողության հասնել այս պատերազմում։
«Եթե մենք թույլ տանք Պուտինին հաղթել, մենք բոլորս երկար տարիներ ավելի մեծ գին կվճարենք, որովհետև Պուտինն ու մյուս ավտորիտար առաջնորդները կհանգեն այն եզրակացության, որ կարող են իրենց ճանապարհը անցնել բիրտ ուժի միջոցով: Սա կխրախուսի նրանց ավելի շատ ուժ կիրառել՝ դարձնելով մեր աշխարհն ավելի վտանգավոր և մեզ՝ ավելի խոցելի: Ուստի մեր անվտանգության երկարաժամկետ շահերից է բխում Ուկրաինային աջակցելը։
Երկարաժամկետ խաղաղություն չի կարող հաստատվել, եթե ագրեսորը հաղթի: Երկարաժամկետ խաղաղություն չի լինի, եթե բռնաճնշումները հաղթեն ազատության և ժողովրդավարության դեմ պայքարում։ Մենք գիտենք, որ պատերազմների մեծ մասն ավարտվում է բանակցությունների սեղանի շուրջ, բայց այն, ինչ տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ, ուղղակիորեն կապված է մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ուստի, կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար մենք պետք է ապահովենք, որ Ուկրաինան հաջողության հասնի որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Մենք պետք է շարունակենք ռազմական աջակցությունն Ուկրաինային»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա հայտարարության համաձայն՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ՆԱՏՕ-ին չստիպեց մոռանալ մյուս գործընկերներին, որոնք բախվում են ռուսական ճնշման, ագրեսիայի և ահաբեկման։
«Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ մեզ չստիպեց մոռանալ մյուս գործընկերներին, ովքեր բախվում են ռուսական ճնշման, ագրեսիայի և ահաբեկման։ Ավելին, այս պատերազմն էլ ավելի կարևորեց մեր գործընկերությունը։ Ահա թե ինչու ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները Բուխարեստի հանդիպմանը կհանդիպեն իրենց ուկրաինացի գործընկերոջ, ինչպես նաև Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիայի և Հերցեգովինայի ԱԳ նախարարների հետ՝ արձագանքելու մեր առջև ծառացած մարտահրավերներին և ամրապնդելու մեր աջակցությունը այս երկրների դիմակայունությանը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։