Կիրակի Սերբիայի նախագահը երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ հանգստյան օրերին Կոսովոյի հյուսիսում, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ սերբեր, բռնկված լարվածության և անկարգությունների պատճառով, հայտնում է BBC-ն:
Տարածաշրջանում լարվածությունը վերջին շրջանում սրվել է դեկտեմբերի 18-ին Կոսովոյի իշխանությունների նշանակած տեղական ընտրությունների պատճառով, որոնք անցկացվելու են հիմնականում սերբական համայնքներում: Սերբիայի գլխավոր կուսակցությունը հայտարարել է, որ բոյկոտելու է այդ ընտրությունները։
Իրավիճակն էլ ավելի է սրվել, երբ անցած գիշեր փոխհրաձգություն է տեղի ունեցել անհայտ անձանց և ոստիկանության միջև, լուսաձայնային նռնակ է նետվել ԵՄ առաքելության (EULEX) պարեկության վրա, որի գործառույթն է աջակցել Կոսովոյի իշխանություններին անկախ իրավապահ մարմիններ ստեղծելու հարցում։
Կիրակի տեղի ունեցած անկարգությունների պատճառն էլ եղել է Կոսովոյի նախկին սերբ ոստիկան Դեյան Պանտիչի ձերբակալությունը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ինքնահռչակ Կոսովոյի իշխանություններին մեղադրել է ահաբեկչության միջոցով «սերբական խնդիրը» լուծելու համար։ Նրա խոսքով՝ արդեն երրորդ օրն է, ինչ Կոսովոյի ոստիկանությունը հատուկ ստորաբաժանումներով ներխուժում է սերբերով բնակեցված տարածաշրջան։
Նախագահ Վուչիչը Կոսովոյում տիրող իրավիճակի հարցով մեղադրել է Վաշինգտոնին և Պրիշտինային՝ տարածաշրջանի վերաբերյալ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չկատարելու համար, իսկ դեկտեմբերի 11-ը համարել է ամենադժվար օրն իր իշխանության ընթացքում։ Վուչիչը, միաժամանակ, խաղաղության կոչ է արել սերբերին ու ալբանացիներին։