Բորժոմիում Արտակարգ իրավիճակների ծառայության (DART) անդամներին շնորհվել են հավաստագրեր՝ վերապատրաստումն հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։
Հավաստագրերի հանձնման արարողությանը մասնակցել են Բորժոմիի քաղաքապետի տեղակալ Գելա Մաղրաձեն, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցչի վարչակազմի՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապերի ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն, Արտակարգ իրավիճակների ծառայության և Վրաստանի Կարմիր խաչի ներկայացուցիչները։
Միջոցառումը տեղի է ունեցել Բորժոմիում՝ սիմուլյացիոն վարժանքի ավարտից հետո։ Գործնական ուսուցումն անցկացվել է Ցեմի գյուղի «Գանթիադ» հյուրանոցում և հանդիսացել է «Համագործակցություն» ծրագրի շրջանակում իրականացվող հատուկ՝ երրորդ ուսումնական դասընթացի ամփոփիչ փուլը։
Սեպտեմբերի 20-24-ը Վրաստանի Կարմիր խաչի կազմակերպած ինտենսիվ դասընթացը համատեղ վարել են Նորվեգիայի Կարմիր խաչի և Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները։
Դասընթացի հիմնական նպատակն էր ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում արձագանքող խմբերի մասնագիտական հմտությունների զարգացումը, գործնական փորձի փոխանակումը և համապատասխան կառույցների միջև համակարգման բարելավումը։
Նման գործնական ուսուցումները նպաստում են արտակարգ իրավիճակներին արագ և արդյունավետ արձագանքելու կարողությունների ամրապնդմանը և տարբեր կառույցների միջև համակարգված գործողությունների կատարելագործմանը։
