Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Թուրքիան պետք է վերանայի իր առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ և միանա ԵՄ պատժամիջոցների ռեժիմին։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրախորհրդարանին ուղղված Բորելի գրավոր դիմումում, որը հայտնվել էր գերմանական Funke խմբագրության տրամադրության տակ։
«Մտահոգիչ են և՛ Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանափակող միջոցներին չմիանալու Թուրքիայի քաղաքականությունը, և՛ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացումը»,- գրել է Բորելը։
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարն ասել է, որ Թուրքիան պաշտոնապես ունի անդամակցության թեկնածուի կարգավիճակ, և համայնքն ակնկալում է, որ թեկնածուները կիսեն իր պատժամիջոցային քաղաքականությունը։
Բորելը հիշեցրել է, որ Եվրամիությունը և Թուրքիան ձևավորում են Մաքսային միություն և այդպիսով ապահովում են ազատ տեղաշարժը, այդ թվում՝ «երկակի նշանակության» ապրանքների, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիական և ռազմական նպատակներով։ Այս համատեքստում կարևոր է, որ Թուրքիան Ռուսաստանին շրջանցող ուղիներ չառաջարկի՝ ընդգծել է նա։
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Վլադիմիր Իլյիչևը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտուրը կարող է հասնել 60 միլիարդ դոլարի և նշել, որ 2022 թվականի 9 ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ։