Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, քննարկել Լաչինի միջանցքում տիրող մտահոգիչ իրավիճակը և շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն ազդում է 120 հազար խաղաղ բնակիչների վրա։ Այս մասին նշված է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
«Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Բոլոր կողմերը պետք է լուծումներ փնտրեն երկխոսության միջոցով: Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները եռակողմ հայտարարության համաձայն, որպեսզի վերականգնի ապրանքների և մարդկանց հոսքը Լաչինի միջանցքով»,- նշված է գրառման մեջ:
Լյուքսեմբուրգը նաև աջակցություն է հայտնել Եվրոպական միության առաքելության ստեղծմանը՝ Հայաստանում՝ հակամարտությունից տուժած շրջաններում անվտանգ և կայուն միջավայրի ապահովման համար: