Ապրիլի 23-ին՝ երեկոյան. «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց ջահերով երթ դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող:
Երթի մասնակիցները եռագույն դրոշներով ու ջահերով վանկարկելով «Ճանաչում» եւ «Թուրքիա ցեղասպան» կոչերը բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:
Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակիցները ու կազմակերպիչները հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով, ինչին հետևեցին հայրենասիրական երգեր ու կանչեր:
Խաչքարի մոտ բողոքի երթի մասնակիցների արջեւ ելույթով հանդես եկավ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը։ Նա խոսեց հայ ժողովրդի հետ 103 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը մասին եւ նշեց, որ պետք է շարունակել պայքարը մինչեւ Թուրքիան չճանաչի Հայոց Ցեղասպանությունը։ Էդուարդ Այվազյանը իր խոսքում շնորհավորեց Ախալցխայի ժողովրդին եւ համայն հայությանը Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը միասնաբար կարողանալու են կառուցել ազատ, անկախ, բարեկեցիկ ու միացյալ Հայաստան։ Նա նաեւ հիշեցրեց Ախալցխայի ժողովրդին, որ «Զորի Զորյան» երիտասարդական միությունը արդեն 11 տարի կազմակերպում է ջահերով երթ Ախալցխայում։
«Սիրելի ժողովուրդ, պետք է նաեւ հիշեցնեմ, որ Զորի Զորյանը մեր Ախալցխա քաղաքի քաղաքապետն էր 1918թ․,որի օրոք Թուրքիան փորձեց ներխուժել Ախալցխա։ Այդ ժամանակ մեր պապերը հիանալի ինքնապաշտպանություն կազմակերպեցին եւ Ախալցխան պահեցին Թուրքերից։ Մենք երբեք չպետք է մոռանանք այդ օրը։ Այս տարի լրանում է Ախալցխայի պատմության 100 ամյակը եւ մենք առավել քան երբեք պետք է գիտակցենք այս կարեւոր տարելիցի նշանակությունը»,-իր խոսքում նշեց Էդուարդ Այվազյանը։
Այնուհետեւ խոսքով հանդես եկավ հայկական դպրոցի մանկավարժ Գագիկ Մկրտչանը։ Նա եւս խոսեց օրվա խորհրդի մասին, որից հետո շնորհավորեց հավաքվածներին Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ։ «Մեր «Մերժիր Սերժին» կոչը այսօր իրականություն դարձավ։ Հրաժարական տվեց Սերժիկը։ Փառք հայ ժողովրդին։ Համայն աշխարհը ընդունելով հիտլերյան Գերմանիայի հրեաների ցեղասպանությունը, բայց առայսօր համայն աշխարհը քնած է մեր հայոց հարցի հանդեպ։ Հայոց հարցը պետք է հասնի արդար վճռի կայացման եւ պետք է մարդասպան թուրքը հատուցի»,-իր խոսքում ասաց Գագիկ Մկրտչյանը։
Ախալցխայի շրջանի հոգեւոր հովիվ Թորգոմ քհն․ Վարդանյանը իր խոսքում նշեց, այսօր բոլորս հավաքվել ենք մեր հարգանքն ու խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանության նահատակներին։ Նա իր խոսքում ասաց, որ երբ հայ ազգը ցանկանում է լինել միասնական նրա դեմ ոչ մեկ չի կարող կանգնել եւ խթան հանդիսանալ։