ԵՄ երկրները Եվրահանձնաժողովին խնդրել են ապահովել ադրբեջանական գազի մատակարարումը

ԵՄ երկրները Եվրահանձնաժողովին խնդրել են ապահովել ադրբեջանական գազի մատակարարումը



Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով միջոցներ հատկացնել ադրբեջանական գազի՝ Եվրոպա մատակարարման ենթակառուցվածքների զարգացման համար՝ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:
«Մենք բուլղարացիների, ռումինացիների և սլովակների հետ դիմել ենք Եվրահանձնաժողովին, որպեսզի այն առաջնահերթ կարգով զբաղվի այդ հարցով և ֆինանսական աջակցություն ցուցաբերի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք անհրաժեշտ են Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Սլովակիայի տարածքով ադրբեջանական գազի ավելացված քանակությունը Հարավային և Կենտրոնական Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ ներառելու համար»,- ասել է Սիյարտոն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովի հետ մամուլի ասուլիսում:
Նա հավելել է, որ խոսքը վերաբերում է ենթակառուցվածքի զարգացմանը, նոր փոխկապակցիչների կառուցմանը և արդեն գոյություն ունեցողների հզորության ավելացմանը։

«Այս իրավիճակում պարզ կդառնա, թե Եվրամիությունը պատրա՞ստ է արդյոք Կենտրոնական Եվրոպայի մատակարարման անվտանգության համար դիվերսիֆիկացիայի կարևորության մասին մինչ այժմ հնչած խոսակցություններից քայլ կատարել դեպի իրական դիվերսիֆիկացում»,- ասել է Սիյարտոն: