ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

1918 թվականի մայիսը կարող էր դառնալ հայ ժողովրդի պատմության «անդառնալիության» գագաթնակետը։

Թուրքիան շրջափակել էր Արևելյան Հայաստանը բոլոր կողմերից  և իր ճանապարհին անխնա ջարդեր տալով առաջանում էր դեպի Երևան, հուսալով վերջնականապես լուծում տալ Հայոց հարցին։ Տիրած լինելով Արևմտյան Հայաստանին, արդեն գրաված լինելով Սարիղամիշը, Ղարսը, Ախայքալաքը, Ալեքսանդրապոլը, նա համոզված էր, որ կկարողանա  բնաջնջել նաև մի բուռ մնացած Արևելյան Հայաստանը։ Թուրքական զորքի մի մասը շարժվում է դեպի Ղարաքիլիսա (այժմ Վանաձոր), մյուսը դեպի Վորոնցավկա՝ Կալինինո, Տաշիր, Բոլնիս-Խաչեն, դեպի Համամլու և դեպի Էջմիածին ու Արարատյան դաշտ։  Վերջինս  կազմված էր երկու դիվիզիայից, որոնք առաջանում էին Շևքի բեյի գլխավորությամբ։ Մայիսի 15-ին, գրավելով Ալեքսանդրապոլը, թուրքերը երկաթուղով շարժվում են դեպի Սարդարապատ։

Դեռևս 1918 թվականի սկզբներից հայերը զգում էին, որ Թուրքիայի կողմից հարձակումը Արևելյան Հայաստանի վրա անխուսափելի է։ 1917 թ․ դեկտեմբերից թուրքերի կողմից շրջափակված Ախալցխայում լույս տեսնող «Շարժում» թերթը կոչ է անում․

«Հայաստանի փրկությունը միայն մեր ձեռքն է։ Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի իր պարտավորությունը․ մտավորականն իր խելքով, զինվորն իր ուժով, հարուստն իր փողով պիտի ծառայի հայրենիքի փրկության գործին»։

Շրջափակման մեջ գտնվող, թուրքերի դեմ մահու և կենաց կռիվ մղող ախալցխացիներին է նույն թերթի միջոցով  դիմում ծնունդով Ախալցխացի շտաբս — կապիտան Խորեն Իգիթխանյանը․

«Առաջարկում եմ պահեստի բոլոր զինվորներին գալ Երևան՝ հայկական արտիլերիայի առաջին բրիգադի առաջին բատարեյը կազմակերպելու համար։

Կոչ եմ անում բոլոր տեսակի զենքի հայրենասեր զինվորներին, ֆելդշերներին, գրագիրներին և արհեստավորներին անհապաղ գալ Երևան՝ հայրենիքի պաշտպանության գործին ծառայություն մատուցելու»։

Այսօր դժվար է թվել Ախալցխայի՝ քաղաքի և գյուղերի այն սպաներին և զինվորներին, որոնք մասնակցեցին Սարդարապատի, Ղարաքիլիսայի,  Բաշ Ապարանի, Բեյուք Վեդիի և այլ հերոսամարտերին, քանի որ սովետական կարգերի հաստատումից հետո նրանցից շատերը հայտնվեցին բանտերում, դաժանորեն ֆիզիկապես ոչնչացվեցին, իսկ հրաշքով կենդանի մնացածները իրենց անցած ազատագրական պայքարի մասին լռեցին մինչև մահ։ Այս հերոսների մասին որոշակի տեղեկություններ պահպանվել են թանգարաններում, ժառանգների և ժամանակակիցների հուշերում։

Պատիվ ունեմ ներկայացնելու նրանցից գնդապետ Կարապետ Ղասաբբաշյանին, գնդապետ Խորեն Իգիթխանյանին,  մայոր Գրիգոր Շիրինյանին, կապիտան Հարություն Հարությունյանին և այլոց։

 

Կարապետ Նազարեթի Ղասաբբաշյանը (Հասանփաշայանը) ծնվել է 1896թ Ախալցխայում։ Մայրը՝ Փեփրոնե Մաթևոսի Աղանբեկյանը ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի մեծ տատն էր։ Նախնական կրթությունը ստացել է Ախալցխայի քաղաքային դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Թիֆլիսի առևտրական դպրոցում։ Ծառայել է Ռուսաստանի ցարական բանակում։

1917թ Թուրքեստանյան բանակային կորպուսի զորամասերից կազմվում է հայկական գումարտակ, որի հրամանատար է նշանակվում 18-րդ Թուրքեստանյան հրաձգային  գնդի կապիտան Կարապետ Ղասաբբաշյանը։ Ի  դեպ,  1916 թվից Թուրքեստանյան Ռազմական Օկրուգի հրետանու պետը ծնունդով ախալցխացի ազնվական,  գեներալ-լեյտենանտ Լևոն Ավետիքի Պոզոևն (Պոզոյան) էր։

Կ․ Ղասաբբաշյանը 1918թ․ փետրվարի 5-ին նշանակվում է Երզնկայի գնդի հրամանատար։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Սարիղամիշի, Հասան- Կալեի, Սարդարապատի ճակատամարտերին։

Կարապետ Ղասաբբաշյանի ռազմական գործողությունները շատ բարձր էր գնահատում Ղարսի և Սարդարպատի ճակատամարտերի մասնակից, Սարդարապատի զինվորական շտաբի պետ գնդապետ Ա․ Շնեուրը իր «Հուշեր Ղարսի ու Սարդարապատի  ճակատամարտերի մասին» գրքում․

«Քարտեզի վրա կռացած գնդապետ Փիրումովի հետ որոշում էինք, թե ինչ ենք անելու գիշերով։ Վիճակը ողբերգական էր։ Թուրքական ուժերը մեզ անհայտ էին։ Բլուրների վրա կանգնած էին թշնամու առաջատար ուժերը։ Որոշվում էր Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի բախտը։

Գիշերով մենք ստեղծեցիք պահեստային ուժեր, կատարեցինք զորախմբերի տեղափոխություններ։ Հրամանատար Սիլիկյանից թույլտվություն ստացանք Խզնաուրյան ջոկատը փոխանցել գնդապետ Ղասաբբաշյաննի հրամանատարության ներքո։ Հրաման տրվեց առավոտյան շարժվել արևմուտք և, դուրս գալով թուրքերի զորքերի թիկունք, բաց անել թշնամու վրա հրետանային կրակ։

Շուտով բլուրների վրա բարձրացավ փոշու ամպ, հետզհետե սողալով դեպի արևմուտք։ Ջոկատը շարժվեց առաջ։ Արդեն ցերեկվա ժամը մեկին ամպը կախվեց թուրքական բանակի թիկունքում, իսկ ժամը երկուսին լսվեց մեր հրանոթների դղրդյունը, և ամեն անգամ, երբ թուրքերն անցնում էին հարձակման, մեր աջ թևը հարվածներ էր հասցնում հակառակորդին, ստիպելով թուրքերին կանգ առնել և թաքնվել խրամատներում։ Հասավ պահը, երբ թուրքերը դիմեցին փախուստի, թողնելով ռազմի դաշտում հրետանային գումակը զինամթերքներով, վիրավորներին և սպանվածներին։ Այսպես փայլուն հաղթանակով ավարտվեց գնդապետ Ղասաբբաշյանի գրոհը»։

«Թուրքերըը չգիտեին, թե ուր դարձնեն հրացանների փողերը, երբ թիկունքից հանկարծական համազարկերով Հասան Փաշայանի քաջերն էին շշմեցրել, ճակատից էլ, ճանապարհին ամեն ինչ ջարդելով, առաջ էին շարժվում Պողոս բեկ Փիրումյանի մահապարտները»[1]։

Վկայում է մարշալ Հովհաննես Բաղրամյանը, որը մասնակցում էր Սարդարապատի ճակատամարտին իր հեծյալ ջոկատով, կորնետի կոչումով․

«․․․Հանդիսանալով հայկական 2-րդ հրաձգային գնդի հրամանատար, Հասանփաշայանը ետ էր մղում թուրքերի հարձակումները Ալեքսանդրապոլի մատույցներում։ Ես ինքս էի տեսնում, թե ինչպիսի վարպետությամբ էր նա ղեկավարում գնդի ռազմական գործողությունները և խափանեց թուրքերի առաջխաղացումը դեպի երկրի ներս։ Հասանփաշայանին շատ լավ գիտեր իմ ամենամոտ ընկերը՝ Հայկ Բախչինյանը, ծնունդով նույնպես Ախալցխայից։ Իմ հիշողության մեջ մնացել է այն բարձր բնութագիրը, որ տալիս էր նա իր հայրենակցին»։

Բանասիրական գիտությունների դոկտոր Հովհաննես Ղանալանյանի հուշերից․

«Մի ժամանակ Կարո Ղասաբբաշյանը զինվորական գործ էր դասավանդում Ախալցխայի հայկական դպրոցում։ Մենք, աշակերտներս, լսած լինելով նրա սխրագործությունների մասին բազմաթիվ կռիվներում, խնդրում էինք պատմել ռազմական գործերից։ Նա խուսափում էր այդ մասին խոսելուց։ Հերոսները, ինչպես հայտնի է, չեն սիրում խոսել իրենց գործերից։ Գնդապետ Ղասաբբաշյանին վերջին անգամ տեսել եմ 1934 թվին, Ախալցխայից Բորժոմ մեկնող ավտոբուսում։ Նա զինվորական համազգեստով էր, գնդապետի «գծիկներով»։ Նրա հետ էր ընկերը՝ Գրիգորյանը, նույնպես զինվորական։  (Գևորգ Գրիգորյան, մայոր, մականունը Խսում – Լ․Մ․)։

Անհայտ հեղինակի «Ազատ, անկախ, միացյալ Հայաստանի վերջին օրերը» օրագրում, որտեղ ականատեսի և  անմիջական մասնակցի գրչով նկարագրված են 1920 թվականին Հայաստանում ծավալվող իրադարձությունները, կարդում ենք․

«11 հուլիսի

Զորասյունը գնդապետ Ղասաբբաշյանի գլխավորությամբ շարժվել է երկաթուղու գծից և Բոշ Բարան լեռան վրա ձախ ուղղությամբ Բեյուք Վեդիի վրա։

12 հուլիսի

Գլխավոր շտաբը հայտնում է, որ հուլիսի 12-ի վաղ առավոտյան կռիվը վերսկսվում է ավելի կատաղի բնույթ ստանալով, սակայն ժամը 5-ին Բեյուք Վեդին ընկնում է, և թաթարները, թողնելով ամեն բան փախչում են, կռվի դաշտում թողնելով 100-ից ավելի դիակներ։ Այժմ մեր ճանապարհը դեպի Նախիջևան ազատ է»։

1975թ․հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 100- ամյակին նվիրված երեկոյի հադիսավոր մասից հետո գրականագետ Հովհաննես Ղանալանյանը մարշալ Հ․ Բաղրամյանին  խնդրում  է պամել իր հուշերը Ախալցխայից։ Մարշալն անմիջապես արձագանքում է․

«Ախալցխան ինձ համար հատկապես հիշարժան է նրանով, որ այդ կանաչ, գեղեցիկ քաղաքում ես հագա զինվորական համազգեստ։Ես ընդամենը 18 տարեկան էի, երբ Թիֆլիսից ինձ «գործուղեցին» ծառայության երկրորդ Կովկասյան հրաձգային գունդ։ Մի քանի օր ես ման էի գալիս քաաքացիական հագուստով, հետո տեղական վաշտի հրամանատար, հայտնի Կարապետ Ղասաբբաշյաննը հայտնեց, որ պատրաստվում էին ինձ համազգեստ տալ, բայց քանի որ ես բարձրահասակ ու նիհար էի, պահեստում ինձ համապատասխանը չճարվեց։ Բայց վերջապես գտան․․․ Ամենաջերմ խոսքերով ինձ «մատուցեց» ինքը, Սարդարապատի ապագա հերոսը, հայ ժողովրդի փառապանձ զավակ Կարապետ Ղասաբբաշյանը»։

Կ․ Ղասաբբաշյանը ամուսնացած էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու թոռնուհու՝ Ելիզավետայի հետ,  որը բարձր առաջադիմությամբ ավարտել էր Թիֆլիսի նշանավոր 2-րդ գիմնազիան, որտեղ սովորում էին բարձր իշխանավորների և ազնվականների դուստրերը։

Սովետական կարգերի հաստատումից հետո Ղասաբբաշյանը ծառայում է Կարմիր բանակում, որտեղից նրան ուղարկում են Մոսկվայի Ֆրունզեի անվան ակադեմիա։ Սակայն առողջական վիճակի պատճառով ուսումն ընդհատում  և վերադառնում է Ախալցխա։

1934 թվին Կ․ Ղասաբբաշյանը  բնակության է տեղափոխվում Թիֆլիս, 1937թ․ նրան ձերբակալում են դաշմակցության անդամության մեղադրանքով և գնդակահարում։ Երկար տարիներ նրա հարազատները վախենում էին անունն անգամ հիշատակել։ Նրա միակ դուստրը ապրում էր Երևանում։

 

Իգիթխանյան Խորեն Ներսեսի

Խորենի նախնիները դարերով ապրում էին Էրզրումի վիլայեթի Շխնոց գյուղում։ Ներսեսի պապը իրենց գյուղում եկեղեցի էր կառուցել ի հիշատակ և փրկություն իր նախնիների և ժառանգների հոգու։ Սակայն 1829 թվին ստիպված էին ամեն ինչ թողնել և գաղթել դեպի Ռուսական կայսրության սահմաններից ներս։ Շատերի հետ նոր բնակության վայր ընտրեցին Ախալցխան, մասնակցեցին նոր քաղաքի շինարարությանը, հիմնեցին կաշվի մշակման արհեստանոց։

Խորենը ծնվել է Ախալցխայում 1887 թվին։ Ավարտել է քաղաքային ուսումնարանը։ Նախապատրաստվել է ինքնուրույն և 1907թ Թիֆլիսում էքստերն կարգով հանձնել քննություններ,  ստացել  հասունության վկայական։ Նույն թվին նա կամավոր զինվորական ծառայության է անցնում 77-րդ Թինգինյան գնդում։ 1908թ․ ստանում է կրտսեր սպայի կոչում։ 1909 թվին նրան ուղարկում են Իրկուտսկի հետևակային յունկերական ուսումնարան, որտեղ նա հաջողությամբ հանձնում է ընդունելության քննությունները։ 1911 թվին ավարտում է ուսումնարանը և ստանում պորտուպեյ յունկերի չին։ Այս կոչումը նրան հնարավորություն է տալիս քննություններ հանձնել հրետանային գործից և դառնալ հրետանու սպա։ Նշանակվում է 52-րդ հրետանային բրիգադում ծառայության,  մեկնում Բաքվի մոտ գտվող Սալյանի տեղամաս։ Ստանձնում է 12 մարտկոցով գումարտակի հրամանատարությունը։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից՝ 14 օգոսոսի 1914թ , մեկնում է Ավստրիական ռազմաճակատ։ Առաջին իսկ մարտերում գերի է վերցնում ավստրիական գումարտակն իր ամրակներով, ինչի համար պարգևատրվում է սուրբ Աննայի I աստիճանի շքանշանով։ 1915 թվին նրա գումարտակը և այդ մարտերում աչքի ընկած հրամանատարական անձնակազմը ընդգրկվում է գեներալ Բրուսիլովի կորպուսի մեջ և տեղափոխվում գերմանական ռազմաճակատ («Бусиловский прорыв»). Օգոստոսի կեսերին ընդհանուր հարձակողական մարտերի ընթացքում Խ․ Իգիթխանյանի մարտկոցը ոչնչացնում է հակառակորդի մի քանի մարտկոց, կարողանում է իր մարտկոցն անցակացնել Բզուրա խոր գետով, շարքից հանում է հակառակորդի զրահագնացքը 12 հրանոթով և գերի է վերցնում գերմանացի զինվորներին և սպաներին։

Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադառնում է Հայաստան և ծառայում հայկական բանակում։

1918թվի մայիսի 22-ին Բաշ Ապարանի կողմը ուժեղացնելու նպատակով ուղարկվում է Դրոյի ջոկատը, որի մեջ մտնում էր մեկ հետևակային գունդ, կամավորների հեծյալ ջոկատ և լեռնային հրետանային մարտկոցի 4-րդ վաշտը ։ Շտապ նրանց են միանում Կամառլուից 6-րդ հետևակային գունդը գնդապետ Դոլուխանովի հրամանատարությամբ և առաջին լեռնային հրետանային մարտկոցի երկու գնդացիր շտաբս – կապիտան Խորեն Իգիթխանյանի հրամանատարությամբ։ Պատմում է Խորենի հարազատ եղբայր Լևոն Իգիթխանյանը․

«Հիշում եմ, երբ բոլոր այդ մարտերից հետո նրա մարտկոցը վերադարձավ Երևան և անցնում էր Աստաֆյան այժմ Աբովյան փողոցով, քաղաքի բնակչությունը հիացական կանչերով դիմավորեց նրանց, ծաղիկներ էին նետում ձիերի առաջ։ Կանայք ուրախությունից լաց էին լինում»։

1918թ նոյեմբերից մինչև 1919 թվի հունվարը Խ Իգիթխանյանը գտնվել է Դրոյի հրամանատարության տակ։ 1919 թվին ստացել  է փոխգնդապետի կոչում։

1920թ նպատակ ունենալով ամրացնել Կարսի պաշտպանությունը Խ․ Իգիթխանյանի մարտկոցը միտցվում է գնդապետ Մազմանովի ջոկատին։ 1920 թ․ հոկտեմբերի 20-ին Ղարսը առանց կռվի թուրքերին հանձնելուց, չընդունելով անհիմն և անպատվաբեր որոշումը, ինքնասպան եղան գնդապռտ Մազմանյանը, հրետանային մարտկոցի հրամանատար Բագրատունին և հազարապետ Չիլինգարյանը։

1920թ․ գնդապետ Խ․ Իգիթխանյանը 5-րդ լեռնային մարտկոցի հրամանատարն է։ 1921թ նա ձերբակալվում է և տեղափոխվում Ռյազան։ Սակայն շուտով ազատվում է բանտարկությունից։

Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Խ․ Իգիթխանյանը նշանակվում է միլիցիայի    տեսուչ։  Այս պաշտոնին նա մնում է 4 տարի, այնուհետև թողնում է ծառայությունը և ընդունվում Երևանի պետական համալսարանի շինարարական ֆակուլտետը, որն ավարտելուց հետո աշխատում է որպես գլխավոր ինժեներ Հայկ․ ՍՍՌ «Заготзерно»- ում։

1937թվին բանտարկվում է հակահեղափոխական կազմակերպություն ստեղծելու և Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի հետ կապ ունենալու  մեղադրանքով։ Հարցաքննությունների ժամանակ նա հերքում է մեղադրանքի առաջին մասը, բայց հստատում է, որ նրանք Դրոյի հետ եղել են ընկերներ։

Խորեն Իգիթխանյանը դատապարտվում է մահապատժի և գնդակահարվում 1938թ։ 1954 թվին արդարացվում է հետմահու։

 

 

Շիրինյան Գրիգոր Կարապետի

Ծնվել է 1895 թվին Ախալցխյում, բանվորի ընտանիքում։ 1900 թվին ընտանիքը տեղափոխվում է Թիֆլիս։ 1915 թ․ ավարտում է Ներսիսյան դպրոցը։ Նույն թվին ավարտում է Թիֆլիսի հրետանային դպրոցի կարճատև դասընթացը և ստանում պրոպորշչիկի կոչում։ 1916 թվին արդեն Կարպատներում է, Ավստրո- հունգարական ռազմաճակատում, սկզբում որպես կրտսեր սպա, ապա վաշտի հրամանատար։ 1916 թ․ հունիսին տեղափոխվում է Կովկասյան ռազմաճակատ, Պարսկաստանի Մարանդ քաղաքում տեղակայված 5-րդ հայկական հրաձգային գումարտակ։ Այս գումարտակի մեջ ընդգրկվել էին ռուսական բանակի հայ կադրային սպաներ և զինվորներ։ Հայկական 5-րդ հրաձգային գումարտակը իր մարտունակության և տարած հաղթանակների համար1917թ հունիսին Կովկասյան ռազմաճակատի հրամանատարության հրամանով վերանվանվում է  հայկական 5-րդ հրաձգային հարվածային մահապարտների գնդի, որը համալրվում է մարտերում կոփված զինվորներով և սպաներով։  Քեռու[2] մահից հետո այն համալրվում է նաև նրա զինվորներով։ Գնդի հրամանատարն էր Պավել Փիրումյանը։

Գրիգոր Շիրինյանը գրել է իր հուշերը Սարդարապատի հերոսամարտի մասին և որոշ հատված մեջ եմ բերում առանց փոփոխության․

«Մեր հետախուզային խմբերը իմացան, որ մայիսի 14-ին թուրքերը երկաթուղով շարժվում են դեպի Սարդարապատ; Այդ ժամանակ 5-րդ հայկական մահապարտ գունդը և մի շարք զորամասեր, ինչպիսիք են 6-րդ հրաձգային, 4-րդ պարտիզանական գնդերը, եզիդական մի գումարտակ, մեկ հեծյալ էսկադրոն, Զեյթունի գունդը, որը Թիֆլիսի հարուստ հայերը կազմել էին 17-18 տարեկան դպրոցականներից և այլ կամավոր խմբեր։ Այդ ժամանակ վերոհիշյալ զորամասերը գտնվում էին Ղուրդուղուլիի՝ այժմ քաղաք Արմավիր շրջանում։ Մեզ հետ էին 4 հրետանային մարտկոցները 16 թնդանոթով, ղեկավարությամբ կապիտան Կլիչի, կապիտան Խ․ Իգիթխանյանի, պորուչիկներ Սակիյարիի և Աթանեսյանի։

․․․Այդ ժամանակ ես 7-րդ վաշտի պետն էի, ունեի 140 զինվոր, որոնք ունեին մեծ մարտական փորձ։ Դասակապետերս էին Խնձորյան-Յաբլոկովը և Ազատյան Հայկը։

Մայիսի 22-ին մեծ ջարդ տվինք թուրքերին» Մեր դեմ կռվում էր թուրքական 36-րդ դիվիզիան, որի հրամանատարը գերմանացի գեներալ էր։ Այդ կատաղի կռիվը կարելի է համարել երկրորդ Ավարայր։Թուրքերը ցույց էին տալիս համառ դիմադրություն, բայց մեր հրետանու գնդացիրների կրակի տակ մեծ կորուստներ տալով, որ հասնում էր 3000 հոգու, նահանջեցին Սարդարապատի արևմուտքում գտնվող Ալագյազ լեռան փեշերը և դիրքեր գրավեցին 440 բարձրունքի վրա։ Այդտեղ կենտրոնացրին 20 գնդացիրներ մեր առաջխաղացոումը կասեցնելու համար, մյուս մասը նահանջեց և դիրքավորվեց Արաքս կայարանի դիմացի բլուրներում։Մայիսի 22-ին, երբ գրոհում էինք  բաց դաշտում, սպանվեց կապիտան Վարդան Ջաղինյանը։ Մենք գտնվում էին ցորենի դաշտում, ցորենը դեռ չէր հնձված, հնարավորություն չկար դիրքեր փորելու։ Ցորենի հասկերը մեզ պաշտպանում էին։ Երբ որևէ մեկը փորձում էր բարձրանալ, թուրքերը բոլոր գնդացիրներից կրակ էին տեղում։ Շատ շոգ էր, ձյուն կամ ջուր չկար, խմում էինք անձրևից փոսերում մնացած ջրերը։ Համալրում ստանում էինք կամվորական խմբերից։ Սնունդը լավաշով ու պանրով մատակարարում էին տեղական գյուղացիները գիշերով իրենց ունեցած սակավ պաշարներից։ Իմ աջ կողմում հերոսաբար կռվում էին իրենց վաշտերով պորուչիկ Սիմոնյան Հակոբը և փոխպորուչիկ Մանաս Մանասերյանը, իսկ ձախ կողմս՝ կապիտան Տաճատ Հովակիմյանը իր գնդացրային վաշտով։

Մայիսի 24-ին մարտը սկսվեց առավոևյան ժամը 7-ին։ Ճակատի հրամանատար Դանիել բեկ Փիրումյանի հրամանով մենք անցանք գրոհի։ Գրոհը պատրաստեցին և մեզ պաշտպանում էին թիկունքից մեր 4 հրետանային մարտկոցները։ Ցորենի դաշտից հասկերի միջով վաշտով գրոհեցի դեպի իմ դիմացը գտնվող 440 բարձրունքը։ Թուրքերը ստացել էին մեծ համալրում, ունեին 2 լեռնային թնդանոթ։ Միաժամանակ հարձակաման անցան իմ աջ և ձախ կողմերի վաշտերը։ Մենք ընկանք թուրքերի խաչաձև կրակի տակ և ետ քաշվեցինք։ Այդ մարտում իմ վաշտիզ զոհվեցին 10 հոգի, իսկ բոլոր զորամասերից 15 սպա, 140 զինվոր։ Մեր 5-րդ մահապարտ գնդից սպանվեց 3-րդ գումարտակի հրամանատար Կարապետ Սարգսյանը, դասակապետեր պրապորշչիկ Արսեն Սարգսյանը, Թոփչյան Նիկոլայը, վիրավորվեց պրապորշչիկ Մարգարյան Գրիշան։

Մայիսի 24-ի գիշերը մեր վաշտերը եկավ ճակատի հրամանատար Դանիել բեկ Փիրումյանը և մեր առաջ խնդիր դրեց․ 25-ի առավոտյան անցնել գրոհի և թուրքական զորամասերին դեն շպրտել 440 բարձրունքից և մյուս բլուրներից։

Մայիսի 25-ի առավոտյան ժամը 7-ին մեր թիկունքում գտնված 4 մարտկոցները 16 թնդանոթներով կես ժամ տևող դիպուկ կրակոցով լռեցրին 440 բարձրունքի վրա գտնվող գնդացիրները։ Մենք հրաման ստացանք անցնել գրոհի։ Բարձրունքի կածաններով «ուռա» կոչելով գրոհեցինք բարձրունքը և գրավեցինք այն։ Բարձրունքի վրա գտնված 20 գնդացիրները մեր հրետանու կրակից ջարդվել էին, իսկ գնդացրորդները փակաղանքները ձեռքերին՝ սպանվել։ Թուրքական դիվիզիաների մեջ խուճապ առաջացավ և սկսեցին փախչել դեպի Թալին և Արագած կայարանը, թափելով ձեռքերի հրացանները և մյուս ռազմամթերքները։ Մենք հետապնդում էինք փախչող թուրքերին, այդ օրը անցնելով 35-40 կմ։ Կանգ առանք Թալինից 6 կմ հեռավորության վրա գտնվող Ղրմզլու գյուղի սահմաններում։ Գյուղացիները մեծ ցնծությամբ դիմավորեցին մեզ, հայտնեցին, որ թուրքերը նահանջել են դեպի Ալեքսանդրապոլ։ Թուրքերը իրենց սպանվածներին և վիրավորներին տեղափոխելու համար գյուղացիներից բռնագրավել էին 600 սայլ, սպանվածներից շատերին էլ թաղել էին թեթև փորված գերեզմաններում։։ Մայիսի 29-ին հեռախոսով գնդի հրամանատարի կարգադրությամբ իջանք Կարաբուրու և Մաստարա կայարանները ռազմաճակատը ողղելու համար։ Մայիսի 30-ի առավոտյան Երևանից երկաթուղով եկավ բարձր հրամանատաևության կազմը։ Մեզ՝ հրամանատարներիս կանչեցին Կարաբուրուն կայարան և գեներալ Նազարբաևն անձամբ շքանշաններով պարգևատրեց կռիվներում աչքի ընկած սպաներին։

Մենք դիրքերում մնացինք մինչև հունիսի 4-ը։ Հունիսի 5-ին պետք է նորից գրոհեինք և անցնեինք Ալեքսանդրապոլ։ Հեռագիր ստացվեց, որ հունիսի 4-ին Բաթումում թուրքերի հետ ստորագրվել է խաղաղության պայմանագիր։
5-րդ հայկական մահապարտների գունդն անցավ Էջմիածին, վերանվանվեց 3-րդ հայկական գունդ, որի հրամանատարն էր գնդապետ Սամարցևը

Գունդը 1919 թ․ մասնակցեց Բեյուկ Վեդիի շրջանում եղած կռիվներին»։[3]

1920թ նոյեմբերին Գ․ Շիրինյանը թողնում է զինվորական ծառայությունը և վերադառնում Թիֆլիս։ Աշխատում է որպես դարբին։ Վրաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո անցնում է զինվորական ծառայության հայկական հատուկ նշանակության հրաձգային 4-րդ գնդում և նշանակվուն 4-րդ վաշտի հրամանատար։ Սովետական բանակում ծառայել է 26 տարի։ Պարգևատրվել է «Կարմիր դրոշ» և «Կարմիր աստղ» շքանշաններով։ Ծառայությունից դուրս է եկել 1952թվին մայորի կոչումով։

 

Հարությունյան Հարություն Գրիգորի (Կլիչ) (աջից)

1895-1983

Նախնիները գաղթել են Էրզրումից։

Ծնվել է Ախալցխայի շրջանի Մեծ Պամաճ գյուղում։ Հարությունի համառոտ կենսագրությունը հնարավոր եղավ կազմել, ելնելով բարեկամների պատմածներից, նրա համառոտ հուշերի գրառումից  և այլ վկայություններից։ Սովորել է Թիֆլիսի Մանթաշյանցի առևտրական դպրոցում, որտեղից էլ 1914-ին զորակոչվել է բանակ։ Մասնակցել է Սարիղամիշի ճակատամարտին։ 1916-ից եղել է հետախույզ Անդրանիկի առաջին կամավորական ջոկատում։ Թուրքերը նրան ճանաչել են Ալի Հասանօղլի անունով։ 1914-1916 թվերին պարգևատրվել է Գեորգիևյամ խաչ երկու մեդալով։ Այնուհետև պարգևատրվել է «За усердие» III և IV աստիճանի մեդալներով։ Ինչպես ինքն է նշելիս եղել՝ «Նիկոլայ ցարի պատկերներով»։ 1916թ հայկական 5-րդ մահապարտների գնդում է կապիտանի կոչումով, հրետանային մարտկոցի հրամանտար։ 1918թ մայիսին գնդի հետ մասնակցում է Սարդարապատի հերոսամարտին։

Հ․ Հարությունյանը պատմում էր, որ իրեն տվել  են Կլյուչ մականունը, իր ենթականերին տված «Ключ!» հրամանների համար, որը հետագայում դառնում է Կլիչ։ Այս անունով են նրան հիշատակում և Գրիգոր Շիրինյանը և Մանաս Մանասերյանը իրենց հուշերում։ Կյանքի վերջին տարիներին որոշ դեպքեր իր անցած  կյանքից վերհիշում էր։ Պատմելով Սարդարապատից, նշում էր, որ լավ էին կռվում նաև եզդիների գումարտակի զինվորները Հուսուբ բեյի և Ջհանգիր աղայի ղեկավարությամբ։

1920-ին եղել է Կարսում, Մազմանովի ջոկատում։ Հրաշքով բանտարկությունից խուսափած Հ․ Հարությունյանը երբեք չէր պատմում իր անցած ռազմական ուղու մասին։ Ստացած պարգևները ոչնչացրել էր։

Սովետական կարգեր հաստատվելուց հետո վերադառնում է գյուղ։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։

Մահացել է 1983 թվին։

Կապիտան Հարությունյանի հետ Սարդարապատում կռվում էին քահանա Շահենը, Թորոսով Բարթեղը Մեծ Պամաճից, Բաբոյան Վարդանը Փոքր Պամաճից, պորուչիկ Պալյան Վահանը Ախալցխայից։

Հայաստանի պետական պատմական արխիվում պահպանված են Սարդարապատի ճակատմարտի մայիսի 27- ի և 28-ի պատկերը ցույց տվող քարտեզները, գծված ծնունդով Ախալցխացի, հայ գեղանկարչությամ մեծ վարպետ Հակոբ Կոջոյանի ձեռքով։ Քարտեզները հստակ մակագրված են․ «Чертил чиновник в[оенного] в[едомства] Я․ Коджоянцъ» (Գծագրել է ռազմական գերատեսչության աստիճանավոր Հ․ Կոջոյանցը)։ Քարտեզների ճշգրտությունը հաստատում է «հայկական դիվիզիայի ավագ ադյատանտ պոդպորուչիկ Ահարոնյանը»։

Սարդարապատի ճակատամարտում տարված հաղթանակը համաժողովրդական էր, քանզի ռազմի դաշտ էին դուրս եկել տեղացին ու գաղթականը, թիֆլիսցին, ախալքալաքցին ու ախալցխացին, այր ու կին, տարեցն ու պատանին, քաղաքացին ու հոգևորականը։ Հաղթանակը կերտողը հայի հավաքական ոգին էր հմուտ մարտական հրամանտարների և գլխավոր հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանի ղեկավարությամբ։

Սարդարապատի հերոսների սխրանքն անմահացրեց հայ ականավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրաելյանը «Սարդարապատի հերոսամարտը» վեհաշուք և անկրկնելի հուշահամալիրով։

 

 Լ․ Իգիթխանյան-Մաթևոսյան

 

[1] Բ․ Ուլուբաբյան, «Երկու սրբազան մասունք»
[2] Քեռի Արշակ Գավաֆյան 1858-1916 Հայկական 4-րդ կամավորական գնդի հրամանատար։ 1916թ․ մայիսին Մոսուլ գնալու ճանապարհին իր ջոկատով ընկնում է շրջափակման մեջ։ Կարողանում է ջոկատը դուրս հանել շրջափակումից, բայց ինքը ընկնում է մարտում։
[3] Շիրինյան Գրիգոր, Հիշողություններ> 1968թ, էջ 1-7։