Շիրակ Թորոսյանը քվեարկել է ժողովրդի թեկնածուի օգտին հաշվի առնելով նաեւ ջավախքահայության բազմաթիվ հորդորները

Շիրակ Թորոսյանը քվեարկել է ժողովրդի թեկնածուի օգտին հաշվի առնելով նաեւ ջավախքահայության բազմաթիվ հորդորները

Երբ մայիսի 1-ին ՀՀ վարչապետ ընտրելու ժամանակ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Շիրակ Թորոսյանը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին թեկնածությանը, ջավախքահայերը Հայաստանում թե Ջավախքում բողոքի նամակներ գրեցին պատգամավոր Շիրակ Թորոսյանին, որոնց մի մասը տպագրվեց մամուլում եւ սոցիալական ցանցերում։ Տվյալ հարցի շուրջ իրենց տեսակետը հայտնեցին նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում գործող կրոնական, հասարակական, կրթամշակութային կառույցների ներկայացուցիչները, որոնք բաց նամակով տեղեկացրին հանրությանը, որ  ծնունդով ներկա Ազգային Ժողովի ջավախքցի պատգամավորները չեն արտահայտում ջավախքցիների մտահոգությունները, դիրքորոշումներն ու շահերը, նկատի ունենալով մայիսի 1-ի քվեարկությունը։

Դրանից բացի մի խումբ ուսանողներ նամակ գրեցին Շիրակ Թորոսյանին կոչ անելով մայիսի 8-ին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։

Մայիսի 3-ին Ջավախքից մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպում ունեցան պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ ու իրենց մտահոգությունը հայտնեցին մայիսի 1-ի քվեարկության կապակցությամբ եւ նույն ժամանակ կոչ արեցին մայիսի 8-ին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։

Մայիսի 8-ի քվեարկության արդյունքները պարզ են բոլորի համար։ ՀՀԿ-ի կողմ քվեարկած պատգամավորների ցուցակում ըստ տվյալ կուսակցության որոշման չպետք է լիներ Շիրակ Թորոսյանը, սակայն նա լսելով ջավախքահայության բազմաթիվ հորդորներին իր պատգամավորական խղճի համաձայն կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը խախտելով ֆրակցիայի որոշումը։

Այդ իսկ պատճառով հայկական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Շիրակ Թորոսյանի քվեարկությամբ խիստ զայրացած է ՀՀԿ խմբակցությունը եւ այդ պատճառով հանրապետականը մտադիր է զրկել նրան պատգամավորական մանդատից։

Այս պարագայում չափազանց կարեւոր է, որ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն հորդորել են պատգամավորին քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին իրենց պատվի ձայնը բարձրացնեն ու հստակ ասեն, որ Շիրակ Թորոսյանը քվեարկել է լսելով ջավախքահայության բազմաթիվ հորդորները եւ իր քվեարկությունը պետք չէ կապել հանրապետական կուսակցության որոշումներին ենթարկվել-չենթարկվելու հետ։

 

Էդուարդ Այվազյան