Փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով դեսպան Ֆիշերին նշանակման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր նպաստը կբերի Հայաստանի և բարեկամ Պորտուգալիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։
Հանդիպման շրջանակներում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը, ներառյալ համագործակցությունը ԵՄ շրջանակներում։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև:
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության վերջին ապակառուցողական հայտարարությունները և ապօրինի գործողությունները լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը:
Երկուստեք կարևորվել է նաև Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեությունը և դրա կամրջող դերը երկու պետությունների միջև։