ԱՄՆ նախագահը ելույթ է ունեցել Կոնգրեսում՝ խոսելով երկրի ներքին և արտաքին խնդիրների մասին:
Ելույթի հիմնական թեման եղել է հակամարտությունն Ուկրաինայում, որը ԱՄՆ նախագահը համարել է փորձություն Վաշինգտոնի և ողջ աշխարհի համար: Ջո Բայդենն ընդգծել է՝ ԱՄՆ քաղաքական ուժերը միասնական են Կիևին աջակցելու հարցում, և կարևորել է ՆԱՏՕ-ի երկրների միավորումն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությաններին հակազդելու համար։ Նա մեկ անգամ ևս հաստատել է, որ Վաշինգտոնը կաջակցի Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է։
Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև Չինաստանի հետ հարաբերություններին, շեշտել՝ Վաշինգտոնը վճռական է աշխատել Պեկինի հետ այն հարցերում, որոնք կօգնեն առաջ մղել Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի շահերը։ ԱՄՆ նախագահը համոզված է, որ իրեն հաջողվել է փոխել այն պատկերացումը, ըստ որի՝ Պեկինն անընդհատ հզորանում է, իսկ Վաշինգտոնը՝ թուլանում։ Ավելին, նա կարծիք է հայտնել, որ իր երկիրն «այսօր առավել ուժեղ դիրքում է Չինաստանի կամ աշխարհի ցանկացած այլ երկրի հետ մրցակցության համար»:
«Եթե Չինաստանը սպառնա մեր ինքնիշխանությանը, մենք կպաշտպանենք մեր երկիրը. հենց դա էլ արեցինք անցած շաբաթ»,- ասել է նա՝ նկատի ունենալով փետրվարի 4-ին ԱՄՆ օդային տարածքում հայտնված չինական հետախուզական օդապարիկի խոցումը:
Ներքաղաքական խնդիրներին անդրադառնալով՝ Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը շրջադարձային փուլում է, երկիրը պետք է հաղթահարի ներքաղաքական պառակտումը, իսկ ներկայումս կայացվող որոշումներն ուղենշելու են նրա զարգացման ընթացքը։ Նախագահը շեշտել է ժողովրդավարությունը պաշտպանելու և ամրապնդելու կարևորությունը:
Բայդենը նաև Կոնգրեսին կոչ է արել ընդունել օրենքներ, որոնք կսահմանափակեն սոցիալական ցանցերի օգտատերերի, հատկապես երեխաների անձնական տվյալների հավաքագրումը, ինչպես նաև արգելել երկրում հրազենի վաճառքը։