Akhaltskha.Net-Հունիսի 26-ին թվով 76 ուխտավոր Ախալցխայի հոգեւոր տեսչության եւ Սամցխե-Ջվախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ այցելեց Հայաստան։ Ուխտավորների առաջին կանգառը Մայր Աթոռ Սուրբ․Էջմիածնում էր։ Էջմիածնում Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանի նախաձեռնությամբ հանդիպում կայացավ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետը իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին։
Գարեգին երկրորդը իր խոսքում ընդգծեց, որ հովվապետական այցելության ժամանակ մշտապես տեսել է ջավախքահայության զորավոր հավատքը, ազգային նկարագիրը կերտելու ջանքն ու եռանդը, ինչպես նաև անսակարկ սերն ու նվիրումը համայն հայության հոգևոր կենտրոնի նկատմամբ: Վեհափառը նշեց, որ Ջավախքի հայությունն ամուր կամուրջ է հանդիսանում հայ-վրացական բարեկամական հարաբերություններում:
Ախալցխայի ուխտավոր ժողովուրդը հնարավորություն ունեցավ մի քանի հարց ուղղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մասնավորապես Էդուարդ Այվազյանը ամենայն հայոց հայրապետի ուշադրությունը կենտրոնացրեց այն փաստի վրա, որ արդեն բավական ժամանակ է Սամցխե-Ջավախքը չունի Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշանակված փոխառաջնորդ, այն ժամանակ, երբ ջավախքահայությունը բարձրացրել եւ բարձրացնում է Ջավախքում առանձին եկեղեցական թեմ ձեւավորելու անհրաժեշտության մասին։ Ի պատասխան Հայոց Հայրապետը նշեց, որ տվյալ հարցերը մշտապես քննարկվում են Վիրահայոց թեմի առաջնորդի հետ եւ ժողովուրդն էլ իր առաջարկությունը պետք է ներկայացնի սրբազան հորը այդ առումով։ Ժողովրդի կողմից հնչեցրած երկրորդ հարցը վերաբերվում էր Ախալցխայի Սբ․ Նշան եկեղեցու խնդրին։ Վեհափառի խոսքերով՝ հարցը մշտապես քննարկվում է եւ գտնվում է նրանց ուշադրության կենտրոնում։
Էջմիածնում Ախալցխայի ուխտավորները այցելեցին նաեւ Մայր Աթոռի թանգարան եւ Սբ․ Գայանե եկեղեցի։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հետո ուխտավորների հաջորդ կանգառը Եռաբլուր պանթեոնն էր։
Եռաբլուր պանթեոն այցելելուց հետո ժամը 19։00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ախալցխահայության հանդիպումը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի եւ ՀՀ վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանի հետ։
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունելով Ախալցխայից ժամանակ հյուրերին նշեց, որ երբ ասում ես Ախալցխա միանգամից հիշում ես Ախալցխայի 1918թ․ հերոսական ինքնապաշտպանության մասին եւ Ծուղրութ գյուղում գտնվող հին ու արժեքովոր ավետարանի մասին։ Նախարարը նաեւ նշեց, որ 1918 թվականին տեղի ունեցած Ախալցխայի հերոսամարտը հայ ժողովրդի հպարտություններից մեկն է, իսկ Ծուղրութի հազարամյա ավետարանը՝ հայկականության խոսուն խորհրդանիշ:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը իր խոսքում անդրադարձ կատարեց Վրաստանում առկա կրթական, մշակութային խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք մշտապես լինելու են նախարարության ուշադրության կենտրոնում:
ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը իր խոսքում նշեց, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ Վրաստանի հայությունը կամրջի դերակատարություն ունի հայ-վրացական հարաբերություններում: Նա նաեւ նշեց, որ պետք է աշխատանք տարվի եղած հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։
Արսեն Խառատյանի խոսքերով՝ ինքը երկար ժամանակ ապրելով Թիֆլիսում լավ է պատկերացնում Վրաստանում բնակվող հայերի խնդիրները եւ առօրյան ու երբեք առիթը բաց չի թողնում այցելելու Ախալցխա։
Հանդիպման ընթացքում Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանը եւ Էդուարդ Այվազյանը ժողովրդի հետ միասին անդրադարձան մշակութային, կրթական ու հոգեւոր հարցերին, պատշաճ կերպով ներկայացնելով իրավիճակը շրջանում։ Իրենց հերթին վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը ու ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը վստահեցրին ժողովրդին, որ հանդիպման ժամանակ բարձրաձայնված յուրաքանչյուր հարցից քաջատեղյակ են եւ տվյալ հարցերը մշտապես գտնվում են նրանց ուշադրության կենտրոնում։
Հանդիպման ժամանակ ՋԱՀ-ի փոխտնօրեն Սամվել Մկոյանը ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից Ջավախքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի ստեղծման ծրագրի մասին, հատուկ նշելով, որ եթե լինի համապատասխան աջակցություն իրենք նպատակ ունեն նմանատիպ կենտրոններ բացել նաեւ Ախալցխայի շրջանում։ Նա նաեւ ասաց, որ շատ է կարեւորում Ախալցխայի միակ հայկական լրատվականի գործունեությունը, հատկապես այս տեղեկատվական պայքարի ժամանակաշրջանում (ի նկատի ունենալով թուրք-ադրբեջանական հակահայկական աշխատանքները ու քարոզչությունը Վրաստանում ու Ջավախքում): Օգտվելով առիթից ՋԱՀ-ի փոխտնօրեն Սամվել Մկոյանը նախարարին ու վարչապետի խորհրդականին հուլիսի 7-ին հրավիրեց Ջավախք մասնակցելու Ջիվանու օրվան նվիրված միջոցառումներին։
Հանդիպման ավարտին Էդուարդ Այվազյանը տեր հոր հետ միասին շնորհակալություն հայտնեցին վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանին եւ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին նման ջերմ ընդունելություն կազմակերպելու համար։
ՀՀ սփյուռքի նախարարությունից հետո, երեկոյան ուխտավորները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Հարկ է նշել, որ տվյալ այցելությունները հնարավոր դարձան գործարար ու բարերար Անդրանիկ Բաբոյանի ֆինանսական աջակցության շնորհիվ։