Հավաք Ախալքալաքում. «Արցախը չի լինելու Ադրբեջանին»

Հավաք Ախալքալաքում. «Արցախը չի լինելու Ադրբեջանին»

Այսօր` մարտի 21-ին, Ախալքալաքի պատանեկան և «Զորի Զորյան» միությունների կողմից կազմակերպվել էր քայլերթ «Արցախը չի լինելու Ադրբեջանին» խորագրով։
Երթը մեկնարկեց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնից, մասնակիցներն իրենց հետ տանում էին հայերեն և վրացերեն լեզուներով տարբեր վերտառությամբ պաստառներ՝ «Արցախ, մենք ձեր կողքին ենք», «Բացել Արցախի կյանքի ճանապարհը» և այլն։
Քայլերթի մասնակիցները նախ կանգ առան Ախալքալաքի քաղաքապետարանի մոտ,որտեղ «Զորի Զորյան» Երիտասարդական Միության անդամները դիմում-նամակ հանձնեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի գրասենյակ և շարժվեցին դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի։
Հավաքի մասնակիցներին եկեղեցու բակում դիմավորեց Տեր Թադեոս քահանա Մկրտչյանը և եկեղեցում Տերունական աղոթքից հետո հղեց օրհնության խոսք՝ շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։
Զորակցական հավաքն ավարտվեց մոմավառությամբ։
Երիտասարդները նշում են, որ այսօրինակ քայլերթը իրենց խաղաղարար ձայնը լսելի դարձնելու միջոց է և այս կերպով իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցելու Արցախի հայրենակցներին։