Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում սահմանի պահպանությունը․ Փաշինյան

Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում սահմանի պահպանությունը․ Փաշինյան


Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետ կապված վերջին զարգացումներին։
«Ինչպես տեղյակ եք, 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։
Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի պետական սահմանի պահպանությունը։ Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված։
Քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես հերթական բլոկբաստեր։ Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ»,- ասաց  Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այս ամենի հետևանքով հայկական դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, այն տարբերությամբ, որ Հայաստանը մտադիր է խնդրո առարկա հատվածի պահպանությունն իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով։

«Փոփոխությունը, որ տեղի է ունենում հետևյալն է. նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու, նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստրաբաժանումներ։ Այդ առաջարկն արել ենք նաև Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից։ Հույս ունեմ, որ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների»,- ասաց ՀՀ վարչապետը։