ԼՂ կողմը չի մերժել Բաքու-Ստեփանակերտ հանդիպում անցկացնելու առաջարկը: Այդ մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է պատճառը, որ ԼՂ-ն հրաժարվեց ԱՄՆ միջնորդությամբ Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու առաջարկից:
«ԼՂ կողմը չի մերժել մի պարզ պատճառով. որ ամենից շահագրգիռ կողմ է նման իրական երկխոսության մեջ»,- ասաց նա, ապա հավելեց, որ այդ երկխոսությունը որոշակի չափորոշիչների պետք է համապատասխանի, և դա է պատճառը, որ հանդիպում կազմակերպելու քննարկումները շարունակվում են:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում ԼՂ կողմը տարբեր առաջարկներ է ստացել մի շարք երկրների ներկայացուցիչներից, միջազգային կազմակերպություններից նման հանդիպում կազմակերպելու մասով, և միաժամանակ ընդգծեց, որ կան «որոշ կարևոր էլեմենտներ», որոնք պետք է հաշվի առնել հանդիպում կազմակերպելուց առաջ:
«Այս տարվա փետրվարի 24-ին և մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել ռուսական խաղաղապահների միջնորդությամբ՝ նրանց տեղակայման վայրում: Այս հանդիպումների ժամանակ քննարկվում էին տեխնիկական բնույթի հարցեր, սակայն ադրբեջանական կողմն ամբողջությամբ խեղաթյուրեց այդ հանդիպումների իմաստը՝ ներկայացնելով դա իբրև վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ: Իսկ դրան հետևեց արդեն ամսի 5-ին (2023 թ. մարտի 5 — խմբ.) տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով 3 ոստիկան է սպանվել և 1-ը՝ վիրավորվել»,- հիշեցրեց նախարարը:
ԼՂ ԱԳՆ ղեկավարը նաև կարծիք հայտնեց, որ ճնշումների տակ տեղի ունեցող բանակցությունները չի կարելի անվանել երկխոսություն կամ բանակցություն, և որպեսզի չստացվի երկխոսության իմիտացիա, պետք է բավարարվեն Լաչինի միջանցքի ապաարգելափկման, պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրման գործընթացը վերականգնելու պահանջները, որպեսզի երևա, որ մոտեցում է փոխվում:
Դիտարկմանը՝ այսինքն՝ քանի ճանապարհը բաց չէ, դուք չե՞ք խոսելու նրանց հետ, նախարարը պատասխանեց, որ նման պայմաններով երկխոսություն չի լինում:
«Մյուս կողմն էլ պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության, բայց, եթե ճանապարհ են փակում, ոնց մենք կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմը դրան պատրաստ է»,- ասաց նա, ապա հավելեց. «ԼՂ կողմն իր հերթին բազմիցս խաղաղապահների միջոցով փոխանցել է ադրբեջանական կողմին առաջարկներ հանդիպումների մասին, որոնք, ցավոք սրտի, մերժվել են հենց նրանց կողմից»: