Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա՝ հանդիպելու իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ, հայտարարել է Անկարան։
Երկու ղեկավարները հուլիսի 28-ի հանդիպման ժամանակ քննարկելու են համագործակցությունը բարելավելու քայլերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր, հայտնում է Al-Monitor-ը:
Վերջին անգամ Նեթանյահուն Թուրքիա էր այցելել 2009-ին՝ Գազա ուղևորվող մարդասիրական օգնության նավատորմի վրա կատարված ռազմական հարձակումից առաջ, ինչի հետևանքով 2010-ին 9 թուրք զոհվեց: Միջադեպից հետո երկու երկրները խզել են դիվանագիտական հարաբերությունները։
Կապերը վերականգնելու մի քանի փորձ ձախողվել է մինչև անցյալ տարի, երբ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտին այցելել է Թուրքիա: Նրա այցը տեղի է ունեցել Անկարայի և տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Իսրայելի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում:
Հերցոգի այցից հետո հարաբերություններն արագորեն բարելավվել են բարձր մակարդակի փոխադարձ այցերով: Թուրքիան և Իսրայելը լիովին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները՝ անցյալ տարվա օգոստոսին փոխադարձաբար վերանշանակելով դեսպաններին: 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում Էրդողանը հանդիպել է Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ:
Ոմանք ենթադրում էին, որ նոյեմբերին Նեթանյահուի վերընտրությունը կխաթարի դրական հետագիծը՝ իրենց անցյալի տարաձայնությունների պատճառով: Այնուամենայնիվ, Իսրայելն առաջին երկրներից մեկն էր, որը փրկարարներ ուղարկեց փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո:
Էրդողանի գրասենյակը հայտնել է, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը Նեթանյահուից երկու օր առաջ նույնպես կայցելի Թուրքիա: Աբբասը և Էրդողանը կքննարկեն իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային այլ հարցեր, նշվում է հաղորդագրության մեջ: