Ռուսաստանը լրացուցիչ ծովային ականներ է տեղադրել Սև ծովում, հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Այդ մասին գրում Է РИА Новости-ն:
ԱՄՆ նախագահի գրասենյակի ներկայացուցիչը հիշեցրել է ռուսական բանակի հարվածներն ուկրաինական նավահանգիստներին։ Քիրբին հստակեցրել է, որ ամերիկյան կողմը լրացուցիչ տեղեկություններ ունի, որ ռուս զինվորականները կարող են ընդլայնել թիրախների ցանկը՝ այնտեղ ներառելով Ուկրաինայի հացահատիկային օբյեկտները, ինչպես նաև հարձակվել Սև ծովում քաղաքացիական նավերի վրա:
Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարություններն էլ հանդես են եկել փոխադարձ սպառնալիքներով:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ը հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով, որ հուլիսի 20-ից Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների հավանական փոխադրողներ, իսկ այն երկրները, որոնց դրոշի ներքո կնավարկեն այդ նավերը, կհամարվեն Կիևի կողմից հակամարտությանը ներգրավված պետություններ:
Այսօր արդեն նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 21-ից Սև ծովով դեպի Ռուսաստանի և ռուսական վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքների նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկի որպես ռազմական բեռների փոխադրողներ՝ դրանից բխող ռիսկերով։ Գերատեսչությունը նաև արգելել է նավարկությունը Սև ծովի հյուսիսարևելյան հատվածում և Կերչ-Ենիկալի ջրանցքով։