Վրաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում է

Վրաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում է

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Հայաստանում է: Այսօր Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին 2019թ. ռազմական համագործակցության ծրագիր:

Փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է․

«Քննարկեցինք պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Ստորագրեցինք Հայաստանի և Վրաստանի միջև 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որը ստորագրվում է 2010թ. սկսած: Այն այս տարի հագեցած է պաշտպանության բնագավառի միջոցառումներով՝ ռազմական կրթություն, մարդու իրավունքներ, ռազմական բժշկություն, բարեվարքություն, կոռուպցիայի դեմ պայքարի տարատեսակ միջոցառումներ: Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվությունները ու հավատում ապագայում ավելի անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին»։

Վրաստանի պաշտպանության նախարարը նշեց, որ վրացական կողմը պատրաստ է մի շարք ոլորտներում իր փորձը կիսել հայկական զինված ուժերի հետ:

«Մենք շատ արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստանի պաշտպանության նախարարի հետ այն հարցերում, որոնք վերաբերում էին նրան, թե ինչպես խորացնել մեր երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը: Վրացական կողմը պատրաստ է իր փորձը կիսել հայկական կողմի հետ: Վրացական կողմը հաջողությամբ կիսում է իր փորձը ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ: Ես գնահատում եմ հայ զինծառայողների մասնակցությունը Վրաստանում կայացած «Վեհանձն գործընկեր 2018» միջոցառմանը, որոնք տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո և ներգրավում են մի շարք գործընկերների»,- ասաց Լևան Իգորիան:

Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:

Այնուհետեւ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Օրվա երկրորդ կեսին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան այցելած Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային:

ՀՀ Վարչապետը ողջունել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության պատվիրակության այցը Հայաստան՝ կարևորելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում եղբայրական հարաբերությունների սերտացումը և զարգացումը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա հունվարին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ Բոլնիսիում կայացած հանդիպմանը՝ նշելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա ներկայիս բարեկամական, աշխատանքային մթնոլորտը լավագույնս կխթանի համագործակցության ընդլայնումը և նոր մակարդակի կբարձրացնի այն: Այս համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է երկու երկրների միջև բարձրաստիճան հաճախակի փոխայցերի և տարբեր մակարդակներով քաղաքական կոնսուլտացիաների անցկացման կարևորությունը:

Նշելով, որ ուրախ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում՝ Լևան Իզորիան կարևորել է ՀՀ պաշտպանության նախարարի հետ այսօրվա հանդիպումը և դրա արդյունքներով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի ստորագրումը: Նրա խոսքով՝ Վրաստանը շահագրգռված է ամրապնդելու և խորացնելու բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստ է շարունակել արդյունավետ փոխգործակցությունն այդ ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական պաշտպանական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով ինչպես ընթացիկ գործընկերությունն ամրապնդելու, այնպես էլ նոր նախաձեռնություններ իրականացնելու փոխադարձ պատրաստակամությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման, հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերի շուրջ և երկուստեք ընդգծել այդ ուղղությամբ փոխադարձ ջանքերի կարևորությունը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկկողմ հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում: Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Վրաստանը կարևորում է տարածաշրջանային բարիդրացիական հարաբերությունների հաստատումը և սատարում է հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: