Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գտնվող ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Պարսից ծոցի Աբու Մուսա կղզու շրջանում: Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Զորավարժանքի նպատակն է ցույց տալ «Պարսից ծոցում և իրանական կղզիներում անվտանգությունն ապահովելու ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հեղինակությունն ու մարտական պատրաստականությունը»: Զինվորականները վայրէջք են կատարել նաև Մեծ Տոմբ կղզում։ Զորավարժություններին մասնակցում են իրանական զորքերի տարբեր ստորաբաժանումներ՝ օդատիեզերական ուժերի աջակցությամբ, նոր նավեր, որոնք համալրված են 600 կմ հեռահարությամբ հրթիռներով, ինչպես նաև ինքնավար նավեր և անօդաչու թռչող սարքեր, նշում է IRNA-ն:
Մեծ Տոմբ, Փոքր Տոմբ և Աբու Մուսա կղզիները գտնվում են Պարսից ծոցի ռազմավարական նշանակություն ունեցող շրջանում։ Նրանց պատկանելությունը վիճարկում է ԱՄԷ-ն։ Հուլիսի 17-ին Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին հայտարարել էր, որ Թեհրանը մտադիր չէ քննարկել այդ կղզիների կարգավիճակը, քանի որ դրանք համարում է իր տարածքը: