Իտալիան հուլիսի 30-ին հայտարարել է, որ պատրաստվում է դուրս գալ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ուղի» գլոբալ նախաձեռնությունից, որին միանալու մասին հուշագիրը ստորագրվել է 2019 թվականին։ Ըստ Պեկինի՝ դա կվնասի չին-իտալական հարաբերություններին։ Այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչին։
Ըստ պաշտոնյայի՝ Իտալիայի նման ձգտումը տարաձայնություններ կստեղծի երկու երկրի միջև: «Որոշ ուժեր չարամտորեն աղմուկ են բարձրացրել և քաղաքականացրել Չինաստանի ու Իտալիայի միջև մշակութային և առևտրային փոխանակումը «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության շրջանակներում, որպեսզի խափանեն համագործակցությունն ու տարաձայնություններ սերմանեն»,- հայտարարել Է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Չինաստանի ԱԳՆ տվյալներով՝ չինական գլոբալ նախաձեռնությունը գրեթե 1 տրիլիոն դոլար ներդրում է ներգրավել ամբողջ աշխարհից՝ ստեղծելով ավելի քան 3 հազար նախագիծ և 420 հազար աշխատատեղ:
Չինական կողմը վստահեցնում է, որ փաստաթուղթը, որը նախապատրաստման ընթացքում մեծ հակասություններ է առաջացրել Իտալիայում և, ընդհանուր առմամբ, ԵՄ-ում՝ Չինաստանի կողմից իտալական տնտեսության հնարավոր «գաղութացման» մասին մտավախությունների պատճառով, բացառապես առևտրային բնույթ ունի։