ԼՂ մի խումբ քաղաքացիներ` Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամները, ժամանել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր: Վերջիններս հանդիպում են պահանջում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ` հասկանալու համար, թե ավտոբուսներով ավտոերթի իրականացման ժամանակ ի՞նչ քայլեր են ձեռնարկելու` ապահովելու իրենց անվտանգությունը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ԼՂ-ում օրեցօր իրավիճակը վատանում է, իսկ իրենք տեսնում են ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության անգործությունը: Նրանք նաև իրենց օգնությունն առաջարկեցին համատեղ ուժերով Լաչինի միջանցքում օրենքի կիրառումն ապահովելու հարցում:
ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայացուցիչն ակցիայի մասնակիցներին խնդրեց վաղը հարցերը գրավոր շարադրել, հանձնել իրեն:
«Մենք պատրաստ ենք պատասխանել ձեր հարցերին: Դուք հարցերը կտաք ինձ, ես կփոխանցեմ հրամանատարությանը, երկուշաբթի կստանաք ձեր հարցերի պատասխանը»,- խոստացավ նա:
Տեսանյութերը` Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջից: