Ադրբեջանի պահվածքը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ցուցիչն է լինելու` ինչպես են հետագայում վարվելու մնացածի նկատմամբ. ԼՂ նախագահ

Ադրբեջանի պահվածքը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ցուցիչն է լինելու` ինչպես են հետագայում վարվելու մնացածի նկատմամբ. ԼՂ նախագահ



Ցանկացած առաջարկության հիմքում պետք է ընկած լինի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից առևանգված և ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դեպքին:
«Վագիֆ Խաչատրյանի դեպքը դրա վառ ապացույցներից է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է. մի մարդ, որ որևէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առևանգվում և ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, ամենածանր հոդվածներով փորձում են մեղադրել: Պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, և Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է»,- ասել է նա:
Հարությունյանի խոսքով` եթե Ադրբեջանում կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա ԼՂ-ում ապրող ցանկացած քաղաքացու այդ մեղադրանքը կարող են առաջադրել: Խոսելով իրենց ձեռնարկած քայլերի մասին` Հարությունյանը նշել է.
«Մենք փորձում ենք ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի միջոցով տեղեկություններ ունենալ, կարծես առողջական առումով վերահսկելի է, բայց պետք է հաշվի առնենք, որ ծանր վիճակ է, դրա համար էր տեղափոխվում Երևան, դրա համար մենք պայքարելու ենք, որ Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շաըտ կարևոր է, հետագա մեր բոլոր շփումներում, քայլերում դա հիմք ենք ընդունելու. Ադրբեջանի պահվածքը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հենց այն ցուցիչն է լինելու, թե ինչպես են փորձելու հետագայում վարվել մնացածի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանին։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»