Միջազգային եկեղեցական կառույցները նամակ են հղել Բորելին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ

Միջազգային եկեղեցական կառույցները նամակ են հղել Բորելին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների համաժողովը համատեղ բաց նամակ են հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Հաշվի առնելով հայ քաղաքացիների ծանր վիճակը՝ կոչ ենք անում բոլորիս մեր համապատասխան պատասխանատվության ոլորտների շրջանակներում առավելագույն ջանքեր գործադրել՝ ստիպելու Ադրբեջանին հարգել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ Լաչինի միջանցքի վերագործարկման միջոցով անհապաղ վերացնելու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»,- նշված է հայտարարության մեջ։
Նրանք համոզմունք են հայտնել, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև կայուն երկխոսության միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը խիստ անհրաժեշտ են:
«Մենք վերահաստատում ենք մեր ամուր համոզմունքը, որ տևական խաղաղությունը կարող է կառուցվել միայն բանակցություններում բոլոր շահագրգիռ կողմերի իրական հանձնառության վրա, որոնք լրջորեն են վերաբերվում մարդու բոլոր իրավունքների և բոլոր մարդկանց հիմնարար ազատությունների լիարժեք հարգմանը՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա։ Մենք շարունակում ենք հուսալ և աղոթել այս շրջափակման դադարեցման համար, որպեսզի հաղթեն խաղաղությունը, ներդաշնակությունը և արդարությունը»,- նշված է փաստաթղթում։