Ադրբեջանը շարունակում է անտեսել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները․ Forbes

Ադրբեջանը շարունակում է անտեսել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները․ Forbes



Forbes-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամին։ Հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ օգոստոսի 7-ին ՄԱԿ-ի փորձագետների խումբն ահազանգել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող տագնապալի իրավիճակի մասին։
«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պարենամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների սուր պակաս է զգում, տուժել է բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը, վտանգված է հատկապես երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղիների և առողջական խնդիրներ ունեցող անձանց կյանքը»,- նշված է հոդվածում:
Forbes-ը կրկնում է Ադրբեջանին ՄԱԿ-ի փորձագետների կոչը՝ անհապաղ վերականգնել մարդկանց և մեքենաների ազատ ու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան։
Նշվում է, որ Լաչինի միջանցքը շրջափակված է արդեն 8 ամիս, սակայն Ադրբեջանը շարունակում է անտեսել այս աղետալի իրավիճակը կարգավորելու կոչերը, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:
«Լեռնային Ղարաբաղը սովամահ է լինում, նման իրավիճակում միջազգային հանրությունը չի կարող աչք փակել, ինչպես դա արել է վերջին ութ ամսվա ընթացքում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օգնության կարիք ունի՝ առանց ավելորդ արդարացումների»,- նշված է հոդվածում։

Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Forbes-ի հոդվածը կողմնակալ է անվանել: Նրա խոսքով՝ այն հայամետ է և իբր խեղաթյուրում է իրականությունը: