Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այցելել է Էր Ռիադ։ Սա Իրանի ԱԳ նախարարի առաջին այցն է Սաուդյան Արաբիա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։
Էր Ռիադում Աբդոլլահիանը հանդիպել է սաուդցի գործընկեր Ֆայսալ Բին Ֆարհան Ալ Սաուդի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների, իսլամական աշխարհի, միջազգային զարգացումների վերաբերյալ հարցեր։
Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կտրուկ բարդացել էին 2016 թվականին, երբ Էր Ռիադում մահապատժի ենթարկեցին ազդեցիկ շիա աստվածաբան Նիմր ան Նիմրին, որը քննադատում էր Սաուդյան միապետությունը: Դրանից հետո Թեհրանում ցուցարարները հարձակում գործեցին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, ինչին ի պատասխան՝ Էր Ռիադը խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:
Այս տարվա մարտին Իրանն ու Սաուդյան Արաբիան Չինաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։