Ֆրանսիական քաղաքներն ու ռեգիոնները ցանկանում են օգնություն հասցնել պաշարված ԼՂ-ին

Ֆրանսիական քաղաքներն ու ռեգիոնները ցանկանում են օգնություն հասցնել պաշարված ԼՂ-ին


Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Փարիզ քաղաքը, Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ-դը-Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր և Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնները՝ միասնական լինելով ԼՂ ժողովրդին աջակցության տրամադրելու հարցում, համախմբվել են՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր պաշարված ԼՂ-ին հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

 

Ֆրանսիական տարածքային մարմինների կողմից 20 տոննա տեղափոխող առաջին բեռնատարը Երևանից ուղևորվել է դեպի սահմանամերձ Կոռնիձոր, որտեղ միացել է Հայաստանի կառավարության կողմից ԼՂ բնակչությանն ուղղված առաջին անհրաժեշտության պարագաններ տեղափոխող ևս քսանմեկ բեռնատարներին։ Հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը թույլ չեն տալիս անցակետով որևէ տեղաշարժ՝ ո՛չ պարենային օգնության, ո՛չ դեղորայք, ո՛չ բժշկական շարասյան:

 

«Մեզ անհանգստացնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջանցքի շարունակվող տևական արգելափակումը, ինչը, մասնավորապես, խոչընդոտում է մարդասիրական օգնության տեղափոխմանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները, և, հատկապես, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը», — ասել է ֆրանսիական ՏԻՄ-երի պաշտոնական ներկայացուցիչը։

 

Տեղափոխվող 20 տոննա օգնությունը նշված ռեգիոնների ու քաղաքների կողմից ֆինանսավորվող բեռնատարների գլխավոր՝ ավելի մեծ ավտոշարասյան միայն առաջին՝ փոքր մասն է: Գլխավոր ավտոշարասյան մեկնարկը կտրվի օգոստոսի վերջին՝ հօգուտ ԼՂ բնակչության իրականացվող մարդասիրական այս նախաձեռնությանն աջակցող ֆրանսիացի խորհրդարանականների և ՏԻՄ ղեկավարների պատվիրակության առաջնորդությամբ։