Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանությունները համատեղ հայտարարություն են տարածել Պիլայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել հյուսիսից դեպի ՄԱԿ-ի սահմանած բուֆերային գոտի, դեպի Պիլա գյուղ տանող ճանապարհի չարտոնված շինարարության մեկնարկի և ՄԱԿ-ի խաղաղապահների վրա ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ուժերի հարձակումների մասին հայտնված հաղորդագրությունների կապակցությամբ:
«Մենք դատապարտում ենք այսօր առավոտյան կիպրական թուրքերի հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների (UNFICYP) վրա և կազմակերպության մեքենաները վնասելը: ՄԱԿ-ի խաղաղապահների անվտանգությանը սպառնացող վտանգները և գույքին հասցված վնասը միջազգային իրավունքի համաձայն լուրջ հանցագործություն են:
Այս գործողությունները ամբողջովին անընդունելի են և խաթարում են ՄԱԿ-ի՝ իր խաղաղապահ մանդատը կատարելու իրավասությունը։ Հատկապես ցավալի է, որ այս գործողությունները շարունակվում են, չնայած ՄԱԿ-ն առաջարկ է ներկայացրել, որը վերաբերում է այդ տարածքում կիպրական թուրքերի խնդիրների լուծմանը:
Մենք կոչ ենք անում Հյուսիսային Կիպրոսին անհապաղ դադարեցնել շինարարությունը: Ինչպես նշված է ՄԱԿ-ի ԱԽ 2674 բանաձևում (2023 թ. հունվարի 30), կողմերը պետք է հարգեն UNFICYP-ի լիազորությունները բուֆերային գոտու և դրա սահմանների նկատմամբ, ձեռնպահ մնան դրան հակասող միակողմանի գործողություններից և հեռացնեն բոլոր չարտոնված շինությունները:
Մենք կոչ ենք անում Հյուսիսային Կիպրոսին զերծ մնալ ցանկացած հետագա էսկալացիոն գործողություններից, որոնք վտանգում են խաթարել կարգավորմանն ուղղված բանակցություններին վերադառնալու հեռանկարները, և անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի բռնություն այդ տարածքում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների նկատմամբ:
Միակողմանի կամ էսկալացիոն գործողությունները, ներառյալ այն գործողությունները, որոնք կարող են փոխել ստատուս քվոն հրադադարի գծերի երկայնքով կամ ներխուժումը բուֆերային գոտի, պետք է դադարեն, որպեսզի հնարավոր լինի քայլեր ձեռնարկել վստահության վերականգնման և բանակցությունների վերսկսման ուղղությամբ: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը UNFICYP-ին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քոլին Ստյուարտին, կողմերի հետ հարաբերություններում՝ խուսափելու լարվածությունից, որը կարող է խաթարել խաղաղ կարգավորումը: Մենք ընդգծում ենք գլխավոր քարտուղարի կողմից ՄԱԿ-ի բանագնաց նշանակելու հրատապ անհրաժեշտությունը և կոչ ենք անում երկու կողմին պահպանել ճկունությունն ու պատրաստակամությունը բանակցությունների վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկելու հարցում»,- նշված է հայտարարության մեջ: