Թուրքիան ԵՄ-ից ոչ մի ակնկալիք չունի Միությանն անդամակցելու հարցում. Էրդողան

Թուրքիան ԵՄ-ից ոչ մի ակնկալիք չունի Միությանն անդամակցելու հարցում. Էրդողան



Անկարան ոչինչ չի ակնկալում Եվրամիությունից՝ կապված Միությանը Թուրքիայի միանալու հնարավորության հետ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը՝ խորհրդարանի նոր նստաշրջանի բացման իր ելույթում։
«Մենք ոչ մի ակնկալիք չունենք Եվրամիությունից, որը մեզ ստիպում է սպասել 60 տարի: Եթե նրանք չհրաժարվեն Թուրքիայի նկատմամբ իրենց անարդար վերաբերմունքից, հատկապես վիզաների տրամադրման հարցում, ապա կկորցնեն մեզանից ինչ-որ բան սպասելու իրավունքը»,- ընդգծել է Էրդողանը։
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովում Թուրքիան իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել Շվեդիային՝ դաշինքին անդամակցելու հարցում, Անկարայի և Եվրամիության միջև բանակցային գործընթացում խոչընդոտների վերացման, մաքսային միության շրջանակներում համագործակցության ընդլայնման և վիզային ռեժիմի ազատականացման դիմաց։ Այդ ժամանակ ԵՄ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց թարմացնել մաքսային միության շրջանակներում հարաբերությունների ճանապարհային քարտեզը։

Այսօրվա դրությամբ, լուծված չեն այսպես կոչված բանակցային գործի 35 կետից 16-ը, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին, օրինակ, Կիպրոսի խնդիրն է: