Մայիսի 20-ի գիշերվա ժամը 1։00-ին Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում, որը սահմանակից է ներկայիս Թուրքիայի հետ տեղի է ունեցել հերթական կողոպուտը։ Զինված մարդիկ հատելով թուրք-վրացական սահմանը մտել են Կարծախ գյուղ եւ հարձակվել հովվի վրա երեք տասնյակ անասուններ գողանալու նպատակով։ Կողոպուտ իրականացնելիս նրանք հարվածներ են հասցրել հովվին քնաբեր գազ փսխել նրա դեմքին ու ձեռնաշղթաներով կապել ձեռքերը ապա կապել բերանը ու ոտքերը։
Այս թեմայի շուրջ Akhaltskha.Net-ը կապ հաստատեց Կարծախ գյուղի նախկին գյուղապետ եւ կողոպուտի ենթարկված անասունների սեփականատեր՝ Ատոմ Հողմրցյանի հետ։ «Սա միայն իմ անասունների հետ արդեն երրորդ դեպքն է։ Մի անգամ հաջողվեց վերադարձնել անասուններին, իսկ մեկ անգամ անհետ կորավ գողություն իրականացրածների հետքը։ Վերջին դեպքը տեղի է ունեցել մայիսի 20-ի գիշերվա 1։00-ին, երբ հարձակվել են իմ հովվի վրա եւ կրակել շանը, որը հաչում էր։ Նրանք հովվին ծեծել են եւ դեմքին փչել քնաբեր գազ ու հետո անցկացրել ձեռնաշղթաներ ու կապել։ Ավազակները ձիերով փորձել են հատել թուրք-վրացական սահմանը եւ փոխհրաձգության բռնվել վրաց սահմանապահների հետ, ինչի արդյունքում թողել են անասուններին։ Իմ հովիվը մի կերպ կարողացել է ոտքերը ազատել եւ արյունոտ դեմքով եւ ձեռնաշղթաներով հասել մեր տուն»,-պատմում է Ատոմ Հողմրցյանը։
Նրա խոսքերով սահմանապահները զինված են բոլոր ժամանակակից սարքավորումներով եւ տեսախցիկներով, սակայն չնայած դրան նման կողոպուտները իրենց գյուղում շարունակվում են։
«Մարդիկ սկսել են լուրջ մտահոգվել իրենց ընտանիքների անվտանգության համար եւ սա իրոք լուրջ սպառնալիքի է վերածվել։ Վաղը Աստված չանի կարող է նաեւ սպանություն իրականացվել մեր գյուղում թուրք-վրացական սահմանը հատող ավազակախմբերի կողմից։ Իմ հովիվը հասկանում է թուրքերեն եւ նրա պնդման համաձայն չնայած նրան, որ ավազակները խոսում էին թուրքերեն, սակայն նրանց խոսակցության մեջ նկատվում էր այլ լեզվի բարբառ, ինչը նշանակում է, որ նրանց շրջանում տեղանքին ծանոթ ուղղորդողներ կային»,-ասում է Ատոմ Հողմրցյանը։