Հարավային Կովկասում խնդիրները պետք է լուծեն առաջին հերթին հենց տարածաշրջանի երկրները. Ալիևի ներկայացուցիչ

Հարավային Կովկասում խնդիրները պետք է լուծեն առաջին հերթին հենց տարածաշրջանի երկրները. Ալիևի ներկայացուցիչ



Հարավային Կովկասում խնդիրները պետք է լուծեն առաջին հերթին հենց տարածաշրջանի երկրները՝ անդրադառնալով «3+3» ձևաչափին՝ BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Ձևաչափի մասնակիցները Թեհրանում եկել են համաձայնության, որ մտադիր են ամրապնդել ներգրավվածությունը ռազմավարական նշանակության այս տարածաշրջանի ապագայի կերտման գործում»,- ասել է Ամիրբեկովը:
Նա հավելել է՝ Հարավային Կովկասում պատերազմների ժամանակաշրջանն անցել է, և այժմ լավ հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում արագ տեմպերով խաղաղություն և կայունություն հաստատելու համար: «Գործակցության ներուժ կա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաղորդակցությունը, տրանսպորտը, էներգետիկան, առևտուրը, գիտությունը և այլն»,- ընդգծել է Ամիրբեկովը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին՝ Իլհամ Ալիևի ներկայացուցիչը շեշտել է՝ երկու երկրները հնարավորություն ունեն ավարտին հասցնելու սեղանին դրված համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները։ «Դա տեղի կունենա Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցությունների միջոցով»,- ասել է նա։

Ամիրբեկովի խոսքով՝ արտատարածաշրջանային դերակատարները, հաճախ ելնելով սեփական շահերից, փորձում են Հարավային Կովկասի երկրներին սեփական տեսլականը պարտադրել, ինչը, Ամիրբեկովի համոզմամբ, խաթարում է երկարաժամկետ խաղաղության հասնելու հեռանկարը։ Նա հերթական անգամ մեղադրել է Ֆրանսիային՝ հակաադրբեջանական դիրքորոշման և Հայաստանին ռազմական աջակցության համար: