Աստանայում հանդիպել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները: Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան։ Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը Ղազախստան մի շարք մթերքների կարևոր մատակարարն ու խոշոր ներդրողներից մեկն է և մտադիր է շարունակել գործակցությունը։
Նա հավելել է, որ Աստանան և Մոսկվան առևտրային հաշվարկներում ընդլայնում են ազգային արժույթների օգտագործումը: Պուտինը նաև տեղեկացրել է, որ մտադիր է այցելել Մինսկ՝ մասնակցելու նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Պուտինը մասնակցել է Ռուսաստանի և Ղազախստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության 19-րդ ֆորումին, նա տեղեկացրել է, որ միջոցառման շրջանակում ակնկալվում է շուրջ 100 մլն դոլարի համաձայնագրեր ստորագրել: Կրեմլի ղեկավարը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները համատեղ ջանքերով ընդհանուր ապրանքային շուկաներ են ձևավորում, աշխատում փոխադարձ առևտուրը թվայնացնելու ուղղությամբ։ «5 երկրի ագրոարդյունաբերական համալիրները ներդաշնակորեն լրացնում են իրար, ինչը հնարավորություն է տալիս սննդամթերքով ապահովել ԵԱՏՄ բնակչությանը և մատակարարել այն արտաքին շուկաներ»,- ասել է Պուտինը։
Տոկաևը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի այցը Ղազախստան քաղաքական և պատմական նշանակություն ունի։ «Բոլորին է հայտնի, որ Ղազախստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,- ասել է Տոկաևը: Ընդգծվել է, որ կողմերը կշարունակեն գործակցությունը նաև էներգետիկայի ոլորտում:
Ավելի վաղ Ղազախստան էր մեկնել նաև Ֆրանսիայի նախագահը: Էմանուել Մակրոնի այցը ևս Տոկաևը պատմական է որակել: