Աշխարհի 20 երկիր միացել է Չեխիայի՝ համատեղ միջոցներ հայթայթելու և Ուկրաինայի համար լրացուցիչ զինամթերք գնելու նախաձեռնությանը: Ինչպես հայտնել է Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան, հաջողվել է բավականաչափ միջոցներ հավաքել 500 հազար հրետանային արկ ձեռք բերելու համար: Ուկրաինայի վերականգնման հարցերով չեխական հանձնաժողովի ներկայացուցիչ Թոմաս Կոպեչնին մանրամասնել է, որ խոսքը 3 մլրդ դոլարի մասին է:
Վարչապետ Ֆիալան հույս է հայտնել, որ չեխական նախաձեռնությունը կընդլայնվի և թույլ կտա բավարար միջոցներ հայթայթել՝ գնելու ևս մեկ միլիոն արկ Ուկրաինայի զինված ուժերի համար։ «Ուկրաինա զինամթերքի մատակարարումը պետք է լինի երկարաժամկետ ռազմավարություն, այլ ոչ թե միանվագ օգնություն»,- ասել է վարչապետը: