ԵՄ ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

ԵՄ ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ





Եվրամիության արտաքին գործերի նախարարները մտահոգություն են հայտնել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի առնչությամբ։
Այս մասին Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Ջոզեֆ Բորելը կրկնել է, որ այս օրենքը անհամատեղելի է Եվրամիության արժեքների հետ։ Բացի այդ, ըստ նրա, Եվրահանձնաժողովը պետք է զեկույց ներկայացնի նշված իրադարձությունների զարգացման վերաբերյալ։
«Վերոնշյալ օրենքը ներկայացվել է խորհրդարան, և Վրաստանի կառավարությունը պարտավորվել է հետ կանչել այս օրենքի նախագիծը և այլևս չներկայացնել։ Սա չարվեց։ Հանձնակատար Վարհեյը և ես անցյալ շաբաթ հայտարարություն տարածեցինք՝ շեշտելով, որ այս օրենքը անհամատեղելի է ԵՄ արժեքների հետ։ Կրկնում եմ՝ այս օրենքը անհամատեղելի է Եվրամիության արժեքների հետ։ Եվրահանձնաժողովը պետք է զեկույց ներկայացնի նշված իրադարձությունների զարգացման վերաբերյալ։ Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ այս օրենքը ի սկզբանե ներկայացվել է խորհրդարան»,- ասել է Ջոզեֆ Բորելը։