Aliq.ge-«Վրաստանի լրագրողական էթիկայի քարտիան» ռասիզմ և խտրականություն պարունակող և հակահայկական է որակել «Մթավարի» հեռուստաընկերության նյութն ու հաղորդավարի հայտարարությունը:
«2020 թվականի ապրիլի 5-ին «Մթավարի» հեռուստաընկերության PostFactum հաղորդման շրջանակներում եթեր է գնացել «Գեներն ընդդեմ կորոնավիրուսի» խորագրով ռեպորտաժ, որում խոսվել է գենետիկական կոդերի կարևորության և էթնիկ պատկանելիության առավելությունների մասին: Սյուժեից հետո հաղորդավար Գիորգի Գաբունիան արմենոֆոբ հայտարարություն է արել»,- նշված է հայտարարությունում:
Նշենք, տեսանյութում վրաց գիտնականներն իրենց տեսակետներն են հայտնում, թե հնարավոր է հարցը գենետիկական կոդին է առնչվում, և հենց վրացական գեն կրող մարդիկ են կարողանում ավելի հեշտ հաղթահարել վիրուսը:
Սյուժեից հետո Գաբունիան ասել է՝ սպասում է նաև հայ գիտնականների կարծիքներին:
«Շատ հետաքրքիր է՝ մեր հարևանները որ գենետիկական խմբին են պատկանում: Վստահ եմ՝ կպարզվի, որ նրանց ԴՆԹ-ն վրացիներից ավելի ուժեղ է և միանգամից վերացնում է կորոնավիրուսը, նույնիսկ պատվաստման և դեղամիջոցների կարիք չունեն»,- ասել է Գաբունիան:
«Լրագրողական էթիկայի քարտիայի» գնահատմամբ, հեռուստաընկերության կողմից տարածված նյութը «ռասիզմ է պարունակում, այլատյացություն քարոզում՝ խրախուսելով էթնիկ պատկանելիությամբ խտրականությունը»:
Կազմակերպությունը նշում է, որ բազմիցս է դիմել լրագրողներին՝ հատուկ զգուշությամբ լուսաբանել Covid-19-ի հետ կապված նյութերը՝ հրապարակելով միայն ճշգրիտ տեղեկատվություն:
«Անհասկանալի է, թե ինչ նպատակ ունի PostFactum-ում միայն կարծիքների վրա հիմնված տեսություններ տարածելը, որոնք վրացական գենի առավելության հետ են կապված: Սա կարող է վնաս հասցնել քաղաքացիներին և այլատյացություն տարածել»,- նշված է հայտարարությունում:
Լրագրողական ՀԿ-ն գտնում է, որ լրատվամիջոցներն ունեն սոցիալական պատասխանատվություն՝ չքարոզել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն։
Նաև ընդգծում է, որ կորոնավիրուսի տարածման շրջանում սա առաջին դեպքը չէ, երբ վրացական մամուլում նյութեր են հայտնվել էթնիկ խմբերի դեմ։
ՀԵՂԻՆԱԿ`
Աղբյուր՝ aliq.ge