Աշգաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ ձևաչափով հանդիպել է Թուրքմենստանի կրթության նախարար Բայրամգյուլ Օրազդուրդաևայի հետ։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես, Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, թվայնացման և նոր տեխնոլոգիաների կիրառմանը, ԲՏՃՄ ուղղությամբ ուսուցման կազմակերպմանը։
Խոսելով Հայաստանի հաջողված փորձի մասին՝ նախարարը ներկայացրել է նաև մարզային դպրոցների 1-4-րդ դասարաններում գործող դպրոցական սննդի ծրագիրը, որը հետաքրքել է Թուրքմենստանի նախարարին։
Քննարկվել է նաև բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման հարցը՝ մասնավորապես կարևորելով երկու երկրների բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ։
Բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է բարձրագույն կրթության և գիտության ինտեգրմանն ուղղված աշխատանքներին՝ ներկայացնելով Ակադեմիական քաղաք ծրագիրը, օտարերկրյա գիտնականների հետ համատեղ գիտական նախագծերում ընդգրկվելու հնարավորությունները։
Թուրքմենստանի նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ իրենց երկիրը ևս կրթական բարեփոխումների փուլում է գտնվում, և այս առումով նկատելի են զարգացման ընդհանուր միտումներ՝ ԲՏՃՄ ուսուցման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով։
Թուրքմենստանի կրթության նախարարը նաև նշել է, որ իրենք հետաքրքրված են կրթության զարգացման Հայաստանի փորձով, մասնավորապես, ոչ ֆորմալ կրթության ասպարեզում ԹՈՒՄՈ կենտրոնների գործունեությամբ, մասնագիտոկան կրթության ասպարեզում դուալ համակարգի ներդրմամբ։
Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։