ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ

ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ



Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կիրակի՝ վերջին ամիսներին առաջին անգամ, հրթիռակոծել է Թել Ավիվի տարածքը։ Առնվազն ութ հրթիռ է արձակվել Ռաֆահից քաղաքի ուղղությամբ, մի քանիսը որսացել են, հայտնել են իսրայելցի զինվորականները: Զոհերի մասին տեղեկություններ չկան, տեղեկացնում է BBC-ն։
Իսրայելական բանակն ավելի ուշ հարված է հասցրել Ռաֆահում գտնվող օբյեկտին, որը, ՑԱՀԱԼ-ի տվյալով, գրոհայիններն օգտագործել են հրթիռակոծման համար:
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը երկուշաբթի հայտնել է, որ Ռաֆահում տեղահանվածների կենտրոնին հասցված հարվածից զոհվել է առնվազն 35, վիրավորվել  մի քանի տասնյակ մարդ:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավիահարված է հասցրել քաղաքում ՀԱՄԱՍ-ի ճամբարին, և տեղյակ են,  որ տուժել են նաև խաղաղ բնակիչներ: «Հարվածն իրականացվել է օրինական թիրախների դեմ՝ միջազգային իրավունքին համապատասխան, հիմնված ճշգրիտ հետախուզության վրա, ըստ որի՝ ՀԱՄԱՍ-ն օգտագործել է այդ տարածքը հրթիռային հարձակման համար»,- ասված է ՑԱՀԱԼ-ի հայտարարության մեջ: