Բենի Գանցը հրաժարական է տվել Նեթանյահուի ռազմական կաբինետից

Բենի Գանցը հրաժարական է տվել Նեթանյահուի ռազմական կաբինետից



Իսրայելի ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը, որը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմ սկսելուց հետո միացել էր Արտակարգ ռազմական կաբինետին, հայտարարել է կառավարության կազմից դուրս գալու մասին՝ Գազայի հատվածի հետպատերազմյան ապագայի վերաբերյալ վարչապետ Նեթանյահուի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Գանցը վարչապետին կոչ է արել հայտարարել նոր համընդհանուր ընտրություն, որում ակնկալվում է, որ ինքը կլինի ֆավորիտներից մեկը։
Նեթանյահուի արձագանքը չի ուշացել. «Բենի, այժմ հրաժարականի ժամանակը չէ, հիմա ուժերը միավորելու ժամանակն է»,- գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում:
Գանցը հայտարարել է, որ կառավարությունը լքում են նաև իր «Ազգային միաբանություն» կուսակցության մյուս անդամները, որոնք ռազմական կաբինետում հինգ մանդատ ունեն։
120 տեղանոց Կնեսետում աջակողմյան, ծայրահեղ աջակողմյան և կրոնական կուսակցություններից կազմված իշխող դաշինքը 64 ձայնով պահպանում է մեծամասնությունը: Սակայն, ըստ վերլուծաբանների, կառավարություն մտնելով՝ Գանցը հավասարակշռում էր մի քանի ծայրահեղ աջ քաղաքական գործիչների ազդեցությունը վարչապետի վրա: Նրա հեռանալը կխորացնի Նեթանյահուի մեկուսացումն ու ոչ ժողովրդականությունը։