ԵՄ Խորհրդի նախագահությունն անցնում է Հունգարիային

ԵՄ Խորհրդի նախագահությունն անցնում է Հունգարիային


Հուլիսի 1-ից  առաջիկա վեց ամիսների ընթացքում Հունգարիան դառնում է ԵՄ Խորհրդի նախագահող երկիր:

Թվարկելով իր ծրագրում առաջնահերթությունները՝ Հունգարիան առաջին տեղում է դրել Եվրոպայի մրցունակության բարձրացումը, հաջորդը՝ եվրոպական պաշտպանական քաղաքականության ամրապնդումը:

Առաջնահերթությունների թվում են նաև «հետևողական և ձեռքբերումների վրա հիմնված ԵՄ-ի ընդլայնման քաղաքականությունը», անօրինական միգրացիայի կանխումը, համախմբման ապագա քաղաքականության ձևավորումը՝ տարածաշրջանային տարբերությունների նվազեցման և տնտեսական, սոցիալական ու տարածքային համախմբվածության ամրապնդման միջոցով, ֆերմերներին ուղղված համատեղ գյուղատնտեսական քաղաքականությունը, ժողովրդագրական խնդիրների լուծումը:

ԵՄ Խորհրդում, սակայն, շատերի մեջ հարց է առաջացել, թե արդյոք դաշինքի նախագահությունը ստանձնելուց հետո էլ Օրբանը կշարունակի դեմ գնալ ԵՄ-ին:

Վերջին տարիներին Հունգարիայի վարչապետը դեմ էր ԵՄ ընդհանուր կոնսենսուսին՝ արգելափակելով, մեղմացնելով կամ հետաձգելով դաշինքի հիմնական որոշումները, պարբերաբար հակառակվում էր Միության մյուս առաջնորդների մեծամասնությանը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են պատերազմը Ուկրաինայում, հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ:

Եվրախորհրդարանի ամենաարմատական պատգամավորները նույնիսկ կոչ են արել կիրառել լեգիտիմությունից դուրս այնպիսի միջոցներ, ինչպիսին է Հունգարիային ԵՄ Խորհրդի նախագահությունից զրկելը։