Ֆրանսիայում այսօր անցկացվում է երկրի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը: Բացվել են ընտրական տեղամասերը, ընթանում է քվեարկությունը:
Ընտրությունը կորոշի՝ արդյո՞ք ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» առաջատար ուժ կդառնա Ազգային ժողովում և արդյո՞ք դրա առաջնորդ Ժորդան Բարդելան կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը:
Երկրի եվրոպական տարածքում քվեարկությունը սկսվել է առավոտյան 08:00-ից և կտևի մինչև 18:00-ն: Ֆրանսիայի խոշոր քաղաքներում ընտրատեղամասերը կարող են բաց լինել մինչև 20:00-ն՝ կախված ընտրողների հոսքից:
Առաջին պաշտոնական արդյունքները կհայտարարվեն դրանից հետո:
Հիշեցնենք՝ առաջին փուլում մասնակցությունը դարձել էր ռեկորդային ու գերազանցել 66 տոկոսը: Ֆրանսիացիները երկրի խորհրդարանի արտահերթ ընտրության երկու փուլում պետք է ընտրեն 577 պատգամավորի, որոնք էլ կներկայացնեն նրանց շահերը Ազգային ժողովում:
Ընտրության առաջին փուլում Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորում»-ը՝ ձայների ավելի քան 33 տոկոսով, առաջատար է եղել, երկրորդ տեղը զբաղեցրել է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 28 տոկոսով։
Նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը ստացել էր 20 տոկոս՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում։
Ընտրությունից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ «Ազգային միավորում»-ը խորհրդարանում կարող է ստանալ ամենաշատ տեղերը, բայց չի կարողանա կազմել բացարձակ մեծամասնություն:
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ հրաժարական չի տա և կմնա նախագահի պաշտոնում մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027 թվականը:
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է ընտրության արդյունքների հրապարակումից հետո անկարգությունների բարձր հավանականության մասին:
Ավելի քան 30 հազար ուժային է ներգրավվել երկրում անվտանգությունն ապահովելու գործում, նրանցից 5 հազարը՝ Փարիզում և արվարձաններում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում մեկնարկել է երկրի խորհրդարանի ընտրության երկրորդ փուլը: