Զելենսկին դեմ չէ խաղաղության երկրորդ գագաթնաժողովին ՌԴ ներկայացուցիչների մասնակցությանը

Զելենսկին դեմ չէ խաղաղության երկրորդ գագաթնաժողովին ՌԴ ներկայացուցիչների մասնակցությանը

Ռուսաստանի ներկայացուցիչները պետք է մասնակցեն ուկրաինական հակամարտության կարգավորման երկրորդ համաժողովին, որի նախապատրաստական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականի նոյեմբեր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝ դրա համար մինչև նոյեմբեր անհրաժեշտ է երեք հանդիպումների պլան կազմել՝ Կատարում՝ էներգետիկայի, Թուրքիայում՝ ծովային միջանցքի և Կանադայում՝ հումանիտար հարցերի վերաբերյալ։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ խաղաղության գագաթնաժողովներում Մոսկվան չի ընդունում ուկրաինական իրավիճակի վերաբերյալ վերջնագրերը։ Նա նշել է, որ, ըստ ռուսական կողմի, ապագա հանդիպումներում փորձելու են առաջ մղել «Զելենսկու վերջնագրային բանաձևը»։

Հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղության նոր առաջարկներ արեց Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, որոնք նախատեսում են Ղրիմի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների կարգավիճակի ճանաչում, ինչպես նաև Ուկրաինայի արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակի ամրագրում, նրա ապառազմականացում և ապազգայնացում, հակառուսական պատժամիջոցների չեղարկում։ Ուկրաինական կողմը մերժել է նախաձեռնությունը։