ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատները տարաձայնություններ ունեն Նեթանյահուի ելույթի հարցում

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատները տարաձայնություններ ունեն Նեթանյահուի ելույթի հարցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթն ԱՄՆ Կոնգրեսում հակասական արձագանքներ է առաջացրել։

Տասնյակ դեմոկրատներ բոյկոտել են ելույթը, Նեթանյահուին քննադատել են, որ իր ելույթում չկարողացավ համարժեք բացատրություն տալ, թե ինչպես է նախատեսում վերջ տալ Գազայում պատերազմին և տուն բերել 116 պատանդի, որոնք դեռևս գերության մեջ են ՀԱՄԱՍ-ի մոտ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, որը կոչ է արել Նեթանյահուին հրաժարական տալ, չի մասնակցել չորեքշաբթի օրվա նրա ելույթին՝ այն համարելով «ԱՄՆ Կոնգրեսում հրավիրված օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի ամենավատ ելույթը»:

Դեմոկրատները, այդ թվում՝ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը, մեղադրել են Նեթանյահուին Գազայում պատերազմը երկարաձգելու համար՝ հանուն իր քաղաքական գոյատևման։

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջերի Նադլերն էլ Նեթանյահուի ելույթն անվանել է «հիմնականում անազնիվ»։ «Նա ասում է, որ խաղաղություն է ուզում, բայց ելնելով իր քաղաքական շահից, ցանկանում է, որ պատերազմը հնարավորինս երկար շարունակվի»,- Նեթանյահուի ելույթից հետո MSNBC-ին ասել է Նադլերը:

Մինչդեռ հանրապետականները բարձր են գնահատել Իսրայելի վարչապետի ելույթը՝ այն համարելով ամենաուժեղ ելույթներից մեկը, որ երբևէ լսել են:

Կոնգրեսում ունեցած ելույթում Նեթանյահուն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական դաշինք ստեղծել Իսրայելի հետ՝ Իրանին դիմակայելու համար։ Նա նաև հերքել է մեղադրանքները, թե Իսրայելը դիտավորյալ թիրախավորում է Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին։

Միաժամանակ Իսրայելի վարչապետը Վաշինգտոնին կոչ է արել արագացնել իր երկրին ռազմական օգնության մատակարարումը, որպեսզի կարողանա արագ հաղթել ՀԱՄԱՍ խմբավորմանը Գազայի հատվածում։