Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվում է վիճարկել Իսրայելի վարչապետի կալանավորման օրդեր տրամադրելու հարցում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը։ Այդ մասին հայտնել է վարչապետ Քիր Սթարմերի ներկայացուցիչը, նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Թերթը նաև գրում է, որ լեյբորիստներն Իսրայելի նկատմամբ ավելի կոշտ մոտեցում ունեն, քան Ռիշի Սունակի կառավարությունը:
«Բողոքարկելու առաջարկը նախորդ կառավարությանն է եղել, ներկայիս կառավարությունը չի որդեգրի այդ դիրքորոշումը: Մենք լուրջ ենք վերաբերվում օրենքի գերակայությանը: Դատարանը պետք է կայացնի համապատասխան որոշումը»,- նշել է վարչապետի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միջազգային քրեական դատարանի դատախազ Կարիմ Խանը դիմել էր դատարան Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր տրամադրելու խնդրանքով՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ կատարելու համար: