Ուկրաինայի զանգվածային գնդակոծությունից հետո Կուլեբան Արևմուտքին երկու պահանջ է ներկայացրել

Ուկրաինայի զանգվածային գնդակոծությունից հետո Կուլեբան Արևմուտքին երկու պահանջ է ներկայացրել

Ուկրաինայի արտգործնախարարն անդրադարձել է երկրի տարածքի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակմանը։

«Ռուսաստանը շարունակում է վախկոտ պատերազմ մղել քաղաքացիական բնակչության դեմ, ինչը պատերազմական հանցագործություն է: Ռուսաստանի հարձակումներն արդարացում չունեն։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի նրանց և կոնկրետ գործողություններ ձեռնարկի՝ դրանց ի պատասխան»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Դմիտրո Կուլեբան։

Նրա խոսքով՝ կա երկու հստակ որոշում, որ Կիևի գործընկերները կարող են կայացնել։

«Նախ՝ հաստատել, որ Ուկրաինան կարող է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող բոլոր օրինական ռազմական օբյեկտներին։ Երկրորդ՝ համաձայնել, որ Ուկրաինան օգտագործի գործընկերների հակաօդային պաշտպանության հնարավորությունները՝ իրենց օդային տարածքի մոտ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր խոցելու համար»,- նշել է ուկրաինացի դիվանագետը։

Կուլեբան կարծիք է հայտնել, որ այդ որոշումները չեն հանգեցնի էսկալացիայի, հակառակը՝ կզսպեն Ռուսաստանին, կօգնեն նվազեցնել ռուսական հարձակումների թիվը։