Ադրբեջանում կայացած խորհրդարանի ընտրության նախնական արդյունքների համաձայն՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կուսակցությունը պահպանել է մեծամասնությունը։ Ընդդիմացող քաղաքական ուժերը ներկայացված չեն լինի երկրի նոր խորհրդարանում, հայտնում է BBC-ն։
Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրությանը մասնակցել է ընտրողների միայն մոտ 37%-ը։
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ քվեաթերթիկների 91 տոկոսի հաշվարկի արդյունքների հիման վրա՝ Ալիևի «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը Միլլի Մեջլիսում (երկրի միապալատ խորհրդարան) ստացել է 125 մանդատից 68-ը։
BBC-ն գրում է, որ մյուս մանդատները կտրամադրվեն պաշտոնապես անկախ թեկնածուներին, որոնք փաստացի աջակցում են կառավարությանը, ինչպես նաև փոքր իշխանամետ կուսակցություններին:
Երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատը», բոյկոտել է քվեարկությունը։
Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը 15 տարվա մեջ առաջին անգամ է մասնակցել ընտրությանը, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, նոր խորհրդարանում ոչ մի տեղ չի ստանալու։ Նրա առաջնորդ Արիֆ Հաջիլին Reuters-ին ասել է, որ կուսակցությունը չի հավատում ընտրությունների թափանցիկությանը, բայց մասնակցել է դրանց՝ «երկրում քաղաքական մթնոլորտն աշխուժացնելու համար»։