Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով ռազմական հետախուզությունը, X-ում հրապարակված գրառման մեջ նշել է, որ ռուսական ցամաքային ուժերը վերջին յոթ օրվա ընթացքում արագացրել են դեպի Պոկրովսկ առաջխաղացման տեմպերը: Այժմ, մեծ հավանականությամբ, դրանք գտնվում են քաղաքի սահմաններից 10 կմ հեռու։ Հետախուզության աշխատակիցները չեն կասկածում, որ ռուսական զորքերը կմտնեն կառուցապատված գոտի, բայց ենթադրում են, որ այդ դեպքում հարձակման տեմպերը հավանաբար կդանդաղեն:
Պոկրովսկը ծառայում է որպես հիմնական լոգիստիկ հանգույց Դոնեցկի շրջանի համար, և այն կորցնելու դեպքում, ճանապարհները կերկարեն, և Ուկրաինան ստիպված կլինի փոխել մատակարարման ուղիները: Դա կդժվարացնի ուկրաինական բանակին մատակարարումն ու ռեսուրսների մանևրումը հատկապես Ուգլեդարի և Չասով Յարի շրջանում մի քանի ամրացված տարածքների միջև։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինայի արևելյան և հարավային ճակատի մյուս բոլոր հատվածներում օպերատիվ տեմպերը վերջին շաբաթվա ընթացքում ցածր են, և տարածքային վերահսկողության էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարել է Դոնեցկի մարզի երկու բնակավայրերի՝ Պտիչյե (Պոկրովսկից 24 կմ հեռու) և Վյեմկա (Բախմուտից 23 կմ հյուսիս) գյուղերի գրավման մասին։