Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի Բելգորոդի մարզում հարվածել է նավթամթերքների պահեստին, ինչի հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել: Պայթյունի հետևանքով «Ռուսագրո» ՍՊԸ-ի վառելանյութի 12 տանկեր է այրվել, հայտնել է Վոլոկոնովսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Բիկետովը։ Իր առաջին ուղերձից մոտ չորս ժամ անց նա հայտարարել է, որ Յուտանովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան։
Վերջին ամիսներին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի միջոցով Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների զգալի աճ է գրանցվել, գրում է dpa-ն։ Կետային հարձակումների են ենթարկվում Ռուսաստանի տարբեր ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտներ՝ հիմնականում նավթավերամշակման գործարանները, նավթային պահեստներն ու այլ օբյեկտներ, որոնք կապված են ռուսական նավթավերամշակման և տրանսպորտային համակարգի հետ: Այսպես, սեպտեմբերի 3-ին հնարավոր է եղել մարել Ռոստովի մարզի նավթի պահեստում 16 օր մոլեգնող հրդեհը, իսկ սեպտեմբերի 7-ին Վորոնեժի մարզում հրդեհ է բռնկվել զինամթերքի և տեխնիկայի պահեստում։
Վերջին ամիսներին Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը զինված ուժերին մատակարարել է տարբեր կոնստրուկցիաների և թռիչքի տարբեր հեռահարությամբ համեմատաբար էժան հազարավոր անօդաչու թռչող սարքեր, նշում է dpa գործակալությունը։
Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Ռուսաստանի տարածքում ուկրաինական հրթիռների օգտագործման ավելացման մասին: Խոսքն առաջին հերթին «Նեպտուն» թևավոր հրթիռի, ինչպես նաև վերջերս ներկայացված «Պալյանիցա» հրթիռ-դրոնի մասին է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է նաև ուկրաինական արտադրության բալիստիկ հրթիռի հաջող կիրառմանը: