Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ուկրաինացի դիվանագետի հետկանչը կապված է վերջինիս կողմից կենցաղային տեխնիկայի գնման հետ։ Նրա խոսքով՝ սա քաղաքական ակտ չէ, այլ արձագանք պատերազմական պայմաններում ոչ ադեկվատ գործողություններին։
Ըստ տեղեկությունների Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինին հետ է կանչել լվացքի մեքենաներ գնելու համար:
«Սա ոչ ադեկվատ համարվեց շարունակվող պատերազմի լույսի ներքո և դարձավ դեսպանի հետկանչի պատճառը: Ուկրաինական իշխանությունների կարծիքով՝ պատերազմի պայմաններում նման գնումներ չպետք է կատարվեին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Որպես որոշման հիմնական պատճառ` Ուկրաինայի արտգործնախարարը նշել է «պատերազմող երկրում դիվանագիտական իրողություններն ամենևին չհասկանալը»։ Նրա խոսքով՝ դեսպանները չպետք է սպասեն կենտրոնի հրահանգներին, այլ պետք է գործեն ակտիվ, պատասխանատվություն վերցնեն իրենց վրա և սեփական օրինակով ցույց տան ուկրաինական դիվանագիտության ուժը։
Արտգործնախարար Սիբիհան միջնորդություն է ներկայացրել նաև փոխնախարար Իրինա Բորովեցին աշխատանքից ազատելու համար։